01/12/2025

Խնձորեսկցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին. պահանջում են խմելու մաքուր ջուր

Խնձորեսկցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին. պահանջում են խմելու մաքուր ջուր

Սյունիքի մարզի Խնձորեսկ վարչական շրջանի բնակիչները փակել են Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը և պահանջում են մատակարարել մաքուր խմելու ջուր։ Խնձորեսկը գտնվում է խոշորացված Գորիսի կազմում: Գյուղացիները բողոքում են, որ ջուր չունեն, եղած ժամանակ էլ ծորակից շատ քիչ ջուր է գալիս:

«Մեծ ճանապարհ է և տանում է դեպի Ստեփանակերտ, բայց ճանապարհին ցայտաղբյուրներում ջուր չկա: Մարդիկ գալիս Ստեփանակերտի զորամաս են գնում, ճանապարհին շոգից ուշագնաց են լինում, բայց ջուր չկա, որ խմեն: Գալիս մեզնից են ուզում, բայց մենք էլ չունենք, որ տանք, մեր մասին սխալ կարծիք են կազմում: Գալիս են ու մեզնից մի շիշ ջուր են ուզում, չունենք, որ տանք, ասում ենք՝ կարող ենք օղի տալ տեղը»,- ասացին բողոքի դուրս եկած խնձորեսկցիները:

Նրանց խոսքով՝ տարածաշրջանում միայն իրենց գյուղում խմելու ջուր չկա: Խնձորեսկն ամենամեծ գյուղն է, բայց տեղացիները բողոքում են, որ իրենք մնացել են առանց խմելու ջրի: Այստեղ ոռոգման ջուրն են օգտագործում որպես խմելու ջուր: Ոռոգման շրջանում ջուրը չի բավականացնում խմելու համար:

«Մարդ կա՝ ջուր է գնում, մարդ էլ կա մի 5 կիլոմետր գնում է, կողքի գյուղերից է ջուր բերում, ով էլ հնարավորություն չունի՝ այդ ոռոգման ջրից է խմում, խմելուց հետո էրեխուն վերցնում գնում է հիվանդանոց, որ անալիզ հանձնի, խմելու պիտանի չէ այդ ջուրը:  21-րդ դարում գյուղերում ջուր չկա, սա խայտառակություն է»,- դժգոհեցին գյուղացիները:

Խմելու ջրի ներքին ցանցը նաև անմխիթար վիճակում է: Ջրի կորուստներն այստեղ կազմում է ավելի քան 40 տոկոս, ինչի պատճառով գյուղացիներն օրական հազիվ 1-2 ժամ են ջուր ստանում:

Բողոքող խնձորեսկցիների ձայնը լսելու է եկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Գյուղացիները պահանջում են, որ նա խնդիրը ներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում նաև Սյունիքի մարզպետի հետ:

Նրանք հայտարարեցին, որ ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցին լուծում չի տրվել:

Մանյա Պողոսյան

ayastan24.com

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: