02/03/2025

Ծավ. կանաչ դրախտ՝ լեռների մեջ (ֆոտոպատմություն)

Ծավ. կանաչ դրախտ՝ լեռների մեջ (ֆոտոպատմություն)

Ծավ գյուղական համայնքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Հայաստանի հարավ-արեւելքում: Համայնքի մեջ են մտնում Ծավ եւ Շիշկերտ գյուղերը: Բնակչության թիվն այսօր չի հասնում 500-ի: Գյուղը շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով: Իր բնությամբ ու տեսարժան վայրերով Ծավն իդեալական վայր է էկոտուրիզմի համար: 

Գյուղը վաղուց հայտնի է իր մեղրով. այն գիտեն ոչ միայն Սյունիքում ու Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս: Ծավի մեղրն ալպիական բնության պարգեւներից է: 

Գյուղացիներից ոմանք հունիսի վերջին փեթակները բարձրացնում են Շիշկերտ, որն այստեղից հեռու է 11-12 կմ:

Ծավի խորհրդանիշներից մեկը Նավսի քար կոչվող ժայռն է: Նավսն այս տարածքի հին բնակավայրերից է, լեռան վրա հիմա էլ ավերակներ կան, սակայն սնոտիապաշտությունը մարդկանց ստիպում է անհաջողությունների դեպքում ցույց տալ ժայռն ու ասել՝ «նավսից» է:

Չնայած Սյունիքը հանքարդյունաբերական տարածաշրջան է, Ծավն ունի մաքուր բնություն, շրջակայքում չկան հանքեր: Այս փաստն էկոլոգիապես մաքուր սննդի գրավական է:

Մեղրից բացի՝ շուտով Ծավի ապրանքանիշ կարող է դառնալ լավաշը:

Փուռը գյուղի ամենակոլորիտային վայրերից մեկն է: Այստեղ աշխատող կանայք ջերմ են ու զրուցասեր:

Գյուղի միջնակարգ դպրոցում մանկավարժները փորձում են աշակերտների մեջ փոքրուց սերմանել սերը դեպի բնությունը: Դպրոցն ունի խնամված այգի, ինչն աչքն է շոյում:

Աշակերտներն ու ուսուցիչները պլաստիկ շշերով ծաղիկներ են պատրաստել՝ շրջակա միջավայրից հավաքած աղբը վերածելով գեղագիտական արդյունքի:

Դպրոցի՝ աղբից մաքրված անկյունները դարձել են հետաքրքիր մակետներ:

Համայնքի կյանքն, այդուհանդերձ, հեշտ չէ: Երիտասարդների թիվն աստիճանաբար նվազում է: Նրանք գնում են Կապան կամ Քաջարան՝ հանքերում աշխատելու: Փոխարենը Ծավում մնում են տարեցները, որոնք կպած են իրենց հողին:

Կյանքը, սակայն, ունի սկիզբ եւ վերջ: Հանգուցյալին թաղելուց հետո գրեթե ամբողջ գյուղը հավաքվում է հանդիսությունների սրահում, որը ծավեցիները տաղավար (նավես) են կոչում: Մեր այցի օրը գյուղում տարեց կանանցից մեկի թաղման արարողությունն էր: Հոգեհացի սեղանի գլխավոր ճաշատեսակն էլ մեծ ժողովրդականություն վայելող կուրկուտն է:

Տեխնիկան նույնպես անմահ չէ:

Համայնքապետարանի շենքում՝ հենց մուտքի կողքին, հայտարարությունների տախտակը վարկային կազմակերպություն է տեղադրել: Վարկառուներն այստեղ քիչ չեն: Կան մարդիկ, ովքեր վարկ են վերցնում՝ պարտք կամ այլ վարկ փակելու համար, ինչը սովորական երեւույթ է:

Վարկի «գայթակղությունը» ոչ միայն շենքի դրսում է, այլեւ ներսում:

Գյուղապետարանի շենքում է նաեւ փոստը, որտեղ, բացի նամակներ ու ծանրոցներ ուղարկելուց եւ ստանալուց, կարելի է գնել նաեւ տնտեսական տարբեր ապրանքներ, այդ թվում՝ զուգարանի թուղթ:

Ծավի միջով է անցնում համանուն գետը, որը գյուղը կիսում է երկու մասի: Գետի ձախ ափին տեղավորվել են 1968-ի երկրաշարժից հետո այստեղ տեղափոխված շիշկերտցիները, ինչի արդյունքում այս ափը կոչվում է նաեւ Ներքին Շիշկերտ: Բնական աղետից հետո վերաբնակ շիշկերտցիների համար այստեղ կառուցվել են փայտյա տներ:

Գետի աջ ափին բուն Ծավն է, որտեղ ծնվել է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը: Այս տան ցուցանակը հուշում է, որ հերոսն այստեղ է ապրել:

Ներքին Շիշկերտն ու բուն Ծավն իրար կապող ճանապարհն ամբողջ համայնքի պես եզերված է անտառով:

Նեկտար հավաքող մեղուների բզզոցն ու գրունտային ճանապարհի ջրափոսերի մոտ հավաքված թիթեռները ստիպում են պարբերաբար կանգ առնել:

Ծավ այցելող յուրաքանչյուր ոք հաստատ կուզի վերադառնալ այստեղ:


Վահե Սարուխանյան

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: