02/03/2025

Արցախում անցկացվել է «Հող տվողներին դուրս հայրենիքից» պաստառներով հանրահավաք, կոչ են արել մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ. Ա. Թովմասյան

Արցախում անցկացվել է «Հող տվողներին դուրս հայրենիքից» պաստառներով հանրահավաք, կոչ են արել մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ. Ա. Թովմասյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարը նախկին վարչապետ, պետական նախարար Արայիկ Հարությունյանն է, երեկ Քաշաթաղի Բերձոր քաղաքում անցկացրել է հանրահավաք

Tert.am-ի հետ զրույցում «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասաց, որ հանրահավաքի ընթացքում իրենք դեմ են արտահայտվել ազատագրված հողերը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ մտքերին:

«Քաշաթաղում անհանգստացած են, թե ինչ կլինի, ոնց կլինի իրենց ճակատագիրը: Բազմաթիվ բնակիչներ արտահայտել են իրենց տեսակետը՝ «ոչ մի թիզ թշնամուն»: Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը վտանգված էր, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ արեցին, որ բանակցային ֆորմատը չտապալվի: Խաղաղ գործընթացի այլընտրանքը պատերազմն է»,- ասաց Թովմասյանը:

Վերջինս նշեց, որ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել ու ասել, որ դեմ են Մադրիդյան սկզբունքներին:

 
«Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է տարվի Արցախի Սահմանադրությանը համահունչ: Չկա սկզբունք՝ լինի դա Փարիզյան, թե Մադրիդյան սկզբունքները, որը կարտահայտի Արցախի ժողովրդի արմատական շահերը: Ադրբեջանն իր կոշտ հայտարարություններով նույնիսկ աննշան զիջումների պատրաստ չէ: Վտանգված է բանակցային գործընթացը: Նրանք ուզում են արդարացնել պատերազմ սկսելու մտադրությունը»,- մանրամասնեց Արթուր Թովմասյանը:

Դիտարկմանը, թե հանրահավաքին կային «Հող տվողներին դուրս հայրենիքից» պաստառներ, նա ասաց, որ կարգախոսը բխում է Արցախի ժողովրդի արմատական շահերից: «Մարդիկ կան, որ ասում են՝ հող տանք, բայց ինչի՞ դիմաց: Բանակցային հիմքում դրված չէ Արցախի անկախության ճանաչման հարցը: Մադրիդյան սկզբունքները հետևյալն են՝ հողերի հետ տալ, հանրաքվե, փախստականների վերադարձ: Արցախի հակամարտության լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում: Որքան շուտ հասկանան այս մասին, այսքան շուտ կլուծվի կոնֆլիկտը»,- շեշտեց Թովմասյանը:

Պատգամավորը մեջբերեց Արայիկ Հարությունյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս դատապարտում է միակողմանի զիջումների տրամադրությունները՝ ասելով, որ մենք չունենք գրավված տարածքներ, ունենք ազատագրված հողեր, որոնք ամրագրված են ԱՀ Սահմանադրությամբ: «Արայիկ Հարությունյանն ասել է, որ արյունով հաստատված հայրենիք ունենք»,- հավելեց Արթուր Թովմասյանը:

Նա ասաց, որ Արցախում հավաքների ազատության մասին օրենք է ընդունվել, որը միայն ընդդիմության համար չէ, հանրահավաքներ կարող են կազմակերպել նաև իշխանության մեջ գտնվող ուժերը, ինչպիսին «Ազատ Հայրենիք»-ն է, ուստի նորմալ է, որ իրենք էլ հավաք են անցկացնում:

Թովմասյանը նշեց նաև, որ հանրահավաքին մասնակցել են ոչ միայն «Հայրենիք»-ի կուսակցականներ, այլև՝ ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հանրահավաքում ելույթով հանդես է եկել ոչ միայն Արայիկ Հարությունյանը, մեր կուսակիցները, այլև ՀՅԴ ներկայացուցիչը, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիրը, Քաշաթաղում ապրող մեր հայրենակիցները: Քաշաթաղում ապրող մեր հայրենակիցները կոչ են արել ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին միանալ իրենց՝ մերժելով տարածքների զիջման ցանկացած փորձ»,- նշեց պատգամավորը:
 

Ազատ Հայրենիք

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: