02/03/2025

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով եղել են Վրաստանում: Այցի նպատակն է խորացնել երկկողմ գործակցությունը և փոխանակվել առողջապահության ոլորտի փորձով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Արսեն Թորոսյանը հանդիպել է Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոյի և նրա առաջին տեղակալ Զազո Բոխուայի հետ: Գործընկերները կրկին քննարկել են երկու երկրի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագրի պայմանները:

Քննարկման հատուկ թեմա են դարձել Վրաստանում գործող առողջապահական համընդհանուր համակարգը, բուժծառայության ֆինանսավորման մեխանիզմները և դրանց մատչելիությունը:

Օրակարգային հարցերից են եղել Հայաստանի և Վրաստանի դեղագործական շուկաներում և դեղերի մատչելիության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

Անդրադարձ է կատարվել Վրաստանում 2018 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած՝ ծխախոտի վերահսկողության մասին օրենքին, որով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը ցանկացած տիպի հաստատությունում: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել հասարակական վայրերում ծխախոտի արգելքն ու ընդգծել, որ Հայաստանը ևս ներկայումս քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարը հետաքրքրվել է օրենքի ընդունմանն ու ներդրմանն առնչվող հարցերով:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է Վրաստանի առողջապահական ենթակառուցվածքներին, այցելել մի շարք բուժհաստատություններ, մասնավորապես, ընտանեկան բժշկության ազգային կենտրոն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: