03/24/2026

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ծխելու դեմ պայքարի մասին օրինագիծը հաստատման ներկայացնել աշնանը

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ծխելու դեմ պայքարի մասին օրինագիծը հաստատման ներկայացնել աշնանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակումն ավարտին մոտ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այն կշարունակի դրվել հանրային քննարկման, միաժամանակ առաջիկայում կտեղադրվի նաև e-draft կայքում` հասանելի ցանկացած քաղաքացու:

«Աշնանն արդեն պատրաստվում ենք օրենքի նախագիծը ներկայացնել հաստատման: Քաղաքակիրթ երկրների շարքին դասվելու մեր այս միջոցառումները պետք է ակտիվ ընթացք ունենան, ոչ թե դառնանք «դրախտավայր»` կյանքեր խլող ինդուստրիայի համար»,-«Հայաստանն` առանց ծխախոտի» դաշինքի և հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել հետայսու առավել ակտիվորեն ներգրավվել ծխելու դեմ պայքարին` մեծապես կարևորելով նրանց դերը մարդկանց` սեփական առողջությունն առավել կարևորելու և մյուսների առողջությունը չվտանգելու քարոզչության հարցում:

Նախարարը հերթական անգամ անդրադարձել է մտահոգիչ վիճակագրությանը, ըստ որի` Հայաստանը ծխախոտի ակտիվ օգտագործման ցուցանիշով աշխարհում վատագույն դիրքերում է, «կարմիր լույսն արդեն վաղուց վառվում է»: Ընդունվելիք օրենքն այս առումով կարևորագույն քայլն է, որին զուգահեռ, Թորոսյանի խոսքով, պետք է քայլեր ձեռնարկվեն նաև բժշկական օգնության մակարդակում` ընտանեկան բժիշկների միջոցով խրախուսելով ու աջակցելով ծխելը թողնելուն: Մյուս կողմից շուկան պետք է ապահովված լինի նիկոտինի փոխարինիչներով: Ակտիվ քարոզչություն պետք է տարվի ինչպես ծխողների, այնպես էլ դպրոցահասակ երեխաների շրջանում` առհասարակ կանխարգելելու ծխելը սկսելը:

Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրենքով սահմանվելիք տուգանքի չափերը, հասարակական վայրերում ծխելն արգելելու անհրաժեշտ քայլերը, հանրության իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: