09/27/2020

Հայ ծրագրավորողների համար նոր հնարավորություն է ստեղծվել «Google play»-ում

Հայ ծրագրավորողների համար նոր հնարավորություն է ստեղծվել «Google play»-ում

Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թիվն այսուհետ կաճի, միջազգային շուկայում դրանց սպառման ծավալները կավելանան։

Մոբայլ ծրագրավորողներն այսուհետև կարող են Հայաստանից «Android Google Play»-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչ այժմ հայ ծրագրավորողները «Google play»-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում: Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում:

Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ «Google»-ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:

Հայ մասնագետները բազմիցս բարձրաձայնել էին այս անհարմարության մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Google» ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ էին ընթանում այս ուղղությամբ։

Վերջապես նախորդ շաբաթ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին: Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները «Google Play»-ում և ստանալ եկամուտներ:

Սա իրական խոչընդոտ էր հայ ծրագրավորողների համար: Դրա վերացման արդյունքում Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թիվն այսուհետ կաճի, միջազգային շուկայում դրանց սպառման ծավալները կավելանան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: