08/11/2020

Օգոստոսի 17-ի հանրահավաքին պետք է գնալ և պատրաստ լինել դիմադրության

Օգոստոսի 17-ի հանրահավաքին պետք է գնալ և պատրաստ լինել դիմադրության

«Տեղի ունեցածը իշխանափոխություն էր, բուն հեղափոխությունը նոր է սկսվում, և այստեղ օրինաչափություններ կան. տվյալ դեպքում առիթը Քոչարյանն է, բայց այլ առիթներ էլ կարող են լինել: Օրինաչափությունն այն է, որ եթե ուզում ես իրապես հեղափոխություն անել, ինչ-որ պահից սկսած՝ հանդիպելու ես դիմադրության նախկին իշխանավորների և նրանց «կլիենտուրայի» կողմից,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը: – Կարևոր է, որ և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը հասկանան, որ դիմադրությունը ոչ թե թուլանալու, այլ ուժեղանալու է. կռիվ է լինելու»:

«Դիմադրություն լինելու է թե՛ ներսում, թե՛ դրսում. դրա նախանշաններն արդեն կան: Եթե երկիրդ վերակառուցում ես, երկրի ինքնիշխանության աստիճանը բարձրանում է, և օրինաչափություն է, որ դա դիմադրություն է առաջ բերում:

Հեղափոխության դիմադրողականությունը կբարձրանա, եթե ժողովուրդը կազմակերպված լինի և ժողովրդական ինքնակազմակերպման ձևեր գտնի. իշխանությունը պետք է հենարան ունենա՝ ոչ թե սովորական կուսակցական, այլ ավելի ընդգրկուն ձևաչափով»,- նշեց Տեր-Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանում եթե զինված քայլ լինի, ուրեմն դա արտաքին միջամտություն է:

Հարցին, թե Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և քաղաքական դաշտում առկա ուժերը որքանով են համարժեք, հրապարակախոսը պատասխանեց. «Քաղաքական դաշտը ձևավորվել է նախկին քաղաքական համակարգում և այսօր համարժեք չէ, համապատասխան չէ. կարծում եմ, որ վերակառուցման գերնպատակներից՝ ստրատեգիական ուղենիշներից մեկը պետք է լինի նոր քաղաքական դաշտի ձևավորումը: Քաղաքական դաշտը կուսակցություններ ստեղծելով չի ձևավորվում, պայմաններ պետք է ստեղծվեն: Գուցե 5 կամ 10 տարի պահանջվի, մինչև որ կձևավորվի հայաստանակենտրոն, կայուն քաղաքական դաշտ: Բայց մինչ այդ մենք ճանապարհ պետք է անցնենք. հեղափոխությունը կուսակցություններով չի արվում, համախմբմամբ է արվում: Նախկին քաղաքական դաշտը հնարավոր չէ համախմբել այս խնդրի շուրջ, պարտադիր է նոր մարդկանց, նոր խմբերի ներգրավումը պրոցեսի մեջ՝ տարբեր ձևաչափերով: Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ընտրել է, որպես համաժողովրդական ընդվզման առաջնորդ, այդ ընդվզմանը պետք է տալ կազմակերպված ձև»:

«Իշխանափոխությունը թավշյա էր, բայց հիմա ուրիշ փուլ է սկսվում: Կռիվ չի նշանակում, որ գլուխդ պիտի կորցնես, չի նշանակում, որ աջուձախ պիտի կոշտ միջոցների դիմես. հակառակը՝ խելոք կռվողը նա է, որ 10-ից 9 անգամ կփորձի դիմացինին իրենով անել, շատ շերտեր այդպես կարող ես կտրել ռևանշիստական ճամբարից, վերջում նոր պետք է անցնել կոշտ միջոցներին, ուղղակի դիմացինը պետք է վստահ լինի, որ դու ունակ ես կոշտ միջոցներ կիրառելու»,- նշեց հրապարակախոսը: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հեղափոխությունը հիմա է սկսվում, և պետք է գնալ հանրահավաքի. «Պետք է լինենք խաղաղ, բայց պատրաստ լինենք դիմադրությանը հակադարձելու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: