08/03/2020

Մոսկվայում կան մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով PR արշավ պատվիրել Քոչարյանի համար. Դուբնով

Մոսկվայում կան մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով PR արշավ պատվիրել Քոչարյանի համար. Դուբնով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն այս օրերին ամենատարբեր մեկնաբանություններն է ստանում։ Փորձագետները հիմնականում համարում են, որ սա դատական համակարգի խնդիրն է, և դատավորներն ու դատարանները դեռևս սպասարկում են նախորդ իշխանություններին։ Միևնույն ժամանակ կան տեսակետներ, թե Քոչարյանի ազատ արձակումը նաև արտաքին՝ մասնավորապես Մոսկվայի ճնշման հետևանքն էր, քանի որ պաշտոնական Մոսկվան, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով, իր դժգոհությունն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող ներքին իրադարձությունների հետ կապված։

Ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ եթե նույնիսկ կա Մոսկվայի դերակատարությունը Քոչարյանի ազատ արձակման հարցում, ապա այն սկզբունքային չէ։ «Ես կարծում եմ, որ գործի բոլոր կծիկները, մեխանիզմները գտնվում են Հայաստանի ներսում։ Մոսկվան կարող է ինչ-որ վերաբերմունք ցույց տալ, Քոչարյանի աջակիցների, նախորդ իշխանությունների «պատվերն աշխատեցնել»։ Մոսկվայում մարդիկ կան, որ կարող են PR արշավ պատվիրել։ Բայց ես այս ամենը Մոսկվայի ճնշում չէի համարի և Քոչարյանի ազատ արձակման հարցում Մոսկվայի ճնշումը չէի փնտրի»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, թե շատերի կարծիքով, Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն և արդյոք իր հետագա ծրագրերում կարող է ակնկակել Ռուսաստանի աջակցությունը, Վադիմ Դուբնովն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե այստեղ մենք պետք է խոսենք Մոսկվայի մեկ միասնական դիրքորոշման մասին։ Մոսկվայում կան մարդիկ, որոնք ընդունակ են ամենաբարձր մակարդակով PR արշավ, նույնիսկ ԱԳՆ-ի հայտարարություն պատվիրել Քոչարյանի համար։ Այդ ամենը, իհարկե, կարելի է անել։ Բայց նորից նշեմ՝ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն պետք չէ կապել Մոսկվայի հետ, դա հայաստանյան խնդիր է»։

Ինչ վերաբերում է ռևանշի հնարավորությանը, Վադիմ Դուբնովը կարծիք հայտնեց, որ այդ մասին առայժմ վաղ է խոսել. «Առայժմ միայն կոնտռելույթների մասին կարող ենք խոսել, թե որքանով կլինի հաջողված՝ դժվար է ասել։ Դժվար է ասել, թե ինչպես է աշխատում պետական ապարատը, ուժային կառույցները, թե Փաշինյանին որքանով հաջողվեց արդիականացնել քաղաքական դաշտի բոլոր հիմնական ռեսուրսները»։

 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: