01/12/2025

Պաշտոնանկություններ, որոնք, ըստ էության, պատճառաբանված չեն

Պաշտոնանկություններ, որոնք, ըստ էության, պատճառաբանված չեն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի 2018թ. օգոստոսի 10-ի հրամանով պաշտոնից ազատվել է ՀՀ ՊԵԿ-ի Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը:

Դավիթ Անանյանի նույն օրվա մեկ այլ հրամանով մաքսային ծառայության պաշտոնից ազատվել է ՀՀ ՊԵԿ-ի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը:

Երկու պաշտոնանկություններն էլ, խոստովանենք, ոչ միանշանակ են ընդունվել Սյունիքում: 

Թեեւ ՊԵԿ-ի նախագահի հրամանում իբրեւ հիմք նշված է նրանց դիմումը, սակայն որեւէ հիմնավորում չի նշվում նրանց պաշտոնանկության իրական դրդապատճառների մասին:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՊԵԿ-ի կենտրոնական գրասենյակից են զանգահարել նրանց եւ, առանց պատճառ նշելու, դիմում գրելու առաջարկություն արել:

Իշխանության համար պայքարի մեր օրերում նման պաշտոնանկությունները, անկեղծ լինենք, այլեւս չեն զարմացնում: Այս դեպքում, սակայն, մի քիչ այլ է արձագանքը:

Աշոտ Մինասյանը մեր ազատամարտի մեծահամբավ հրամանատարներից է, մարտական փառապանծ ուղի անցած զորական, հայոց պետականաշինությանն ու բանակաշինությանն անուրանալի նպաստ բերած գործիչ, նահատակված հարազատ եղբոր արյամբ մեր անկախության հիմքերը յուրովի ամրացրած անձնավորություն:

Այնպես որ՝ նրան ազատելիս պատշաճ կլիներ մատնանշել իրական ու հավատ ներշնչող պատճառները, ինչը եւ կցրեր շատերիս համակած խորհրդավորությունը:

Նույնը կարող ենք ասել Սամվել Հայրապետյանի պաշտոնանկության առիթով, որի քաղաքացիական, մարդկային, բարոյական նկարագիրը միայն դրվատանքի է արժանի: Անզեն աչքով անգամ կարելի է տեսնել, թե Մեղրիի մաքսային կետ-բաժնում ինչ փոփոխություններ են կատարվել նրա պաշտոնավարման շրջանում եւ քաղաքացիների սպասարկման ինչ մակարդակ էր ներդրվել այստեղ:

Եվ քանի դեռ պաշտոնապես հանրայնացված չեն այդ պաշտոնանկությունների՝ հավատ ներշնչող պատճառները՝ տարակույսները շարունակում են թեւածել սյունիքյան հանրության մեջ:

Եվ, այդուհանդերձ, Աշոտ Մինասյանին ու Սամվել Հայրապետյանին ցանկանում ենք հաջողություններ, հիշեցնում գլխավորը՝ դուք դեռ անելիք եւ ասելիք ունեք Սյունիքի մարզում:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: