12/26/2025

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն․ Արծրուն Հովհաննիսյան

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով:  ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգ: Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:  Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:  Հիշեցում. 1. Բջջայինով խոսելիս խուսափեք զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից: 2. Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին: 3. Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ: 4. Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն: 5 .Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը: Հիշեք հակառակորդը լսում է ձեզ և կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը»:  

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: