12/27/2025

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Արա Բաբլոյանի հետ

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Արա Բաբլոյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

«Այո՛, ինչո՞ւ չէ, անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ, որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ, վախեր, չունենան», - ասաց Փաշինյանը։

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահը խորը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են», - հայտարարել էր Ազգային ժողովի հանրապետական նախագահը՝ շարունակելով. - «Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում»։

Արա Բաբլոյանը վարչապետի խոսքում նշմարել էր նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ։

Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: