01/12/2025

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: 
Նախարարը նախ եղավ Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռեւս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական գազից չեն կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելու ծրագրեր հուշեց՝ նշելով, որ դա խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը կլինի:

Ա.Թորոսյանը շրջեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ բուժանձնակազմին եւ առկա բժշկական սարքավորումներին: Այստեղ աշխատակիցները բարձրաձայնեցին նեղ մասնագետների ցածր վարձատրության մասին, քանի որ նրանք վճարվում են ըստ բնակչության թվի, եւ Մեղրիում ցածր աշխատավարձ է գոյանում... 
Շարունակելով մարզային այցը՝ նախարարն ու մարզպետը եղան Քաջարանի, Կապանի բժշկական կենտրոններում, որոնք եւս հիմնանորոգված են եւ նոր կահավորված, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղում, որը նույնպես նորակառույց է:
Այցելեցին նաեւ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ նախարարը ծանոթացավ տարբեր դրամաշնորհների միջոցով հիվանդների համար ստեղծված արհեստանոցներին եւ այլ հնարավորությունների: 
Արսեն Թորոսյանը եղավ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւս, որի շենքը վերանորոգման կարիք ունի եւ մասնակցեց Սյունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարարի մասնակցությամբ անցկացված մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: 
Վաղը առողջապահության նախարարը կշարունակի աշխատանքային հանդիպումները Գորիսում եւ Սիսիանում: 

syunik.mtad.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: