12/27/2025

Պատգամավորները մտահոգված են բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի կառավարության որոշմամբ

Պատգամավորները մտահոգված են բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի կառավարության որոշմամբ

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են Վրաստանի կառավարության որոշմամբ, որի համաձայն՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն հայտնեց ԱԺ «Ել» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ: Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ: Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով: Ես կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և փորձել խնդիրը կարգավորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- ընդգծեց Մարուքյանը:

Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց են ունենալու Վրաստան: «Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանը, իհարկե, իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի, սակայն, կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անելիք ունի մեր հարգարժան կառավարությունը»,- ասաց Շարմազանովը:

Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Վրաստանի կառավարության որոշմամբ այդ երկրի տարածքում ևս արգելվելու է բեռնատարներով ցորենի փոխադրումը, ինչի հետևանքով Վրաստանում էլ բեռնափոխադրողները խնդիրների առաջ են կանգնել: «Վրաստանում էլ, փաստորեն, հացահատիկը մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է: Ստացվում է, որ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել: Ես խոսել եմ Վրաստանի խորհրդարանում իմ գործընկերների հետ, առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը բարձրացվելու է, և փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից, թե ինչու են այսպիսի որոշում կայացրել, որը թե Վրաստանի, թե Հայաստանի բեռնափոխադրողների համար այդքան մեծ խնդիր է առաջացրել»,- մանրամասնեց Թորոսյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց կարևոր հարց բարձրացնելու համար՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն անմիջապես կարձագանքի խնդրին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: