12/27/2025

Գյուղացիական տնտեսություններին աջակցության պիլոտային ծրագիր կիրականացվի. խորհրդակցություն կառավարությունում

Գյուղացիական տնտեսություններին աջակցության պիլոտային ծրագիր կիրականացվի. խորհրդակցություն կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կառավարությունում այսօր՝ օգոստոսի 29-ին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր՝ այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար:

Նախարարը նշել է, որ խոսքը մոտ 2700 հեկտարի մասին է, և ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումը և տարածքային անհամամասնությունների մեղմումը: Արթուր Խաչատրյանի խոսքով՝ գաղափարը քննարկվել է մարզային այցելությունների ժամանակ և, ընդհանուր առմամբ, արձագանքը դրական է:

Խորհրդակցության մասնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել ծրագրի առնչությամբ, հանդես եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են նախորդ տարիներին պետական աջակցությամբ մի շարք՝ դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի ծրագրերի արդյունավետությանը և հասցեականությանը, առաջարկվող շահառու համայնքների ընտրությանը, կոոպերատիվների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության ոլորտին աջակցելու և այդ աջակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, և այս առումով կարևոր է, որպեսզի քննարկվող ծրագրով տրամադրվելիք պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների: «Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում և ոնց են գնում, պետք է ուղղակի չանել և տրանսֆորմացնել ուրիշ ծրագրերի»,- նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում քննարկել ներկայացված առաջարկությունները, լրամշակել նախագիծը և վերջնական տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:

HayNews.am
 
 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: