12/27/2025

Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում հաց ներկրելու համար. պատգամավորը` Վրաստանի որոշման մասին

Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում հաց ներկրելու համար. պատգամավորը` Վրաստանի որոշման մասին

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 15֊ին ուժի մեջ է մտնելու այն որոշումը, ըստ որի` Վրաստանից Հայաստան հացահատիկի ներկրումը վերգետնյա տրանսպորտով կարգելվի։ Մասնագետներն արդեն իսկ նշում են, որ սա կազդի գների վրա։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ։

֊Պարո՛ն Վարդապետյան, Վրաստանից Հայաստան հացահատիկի ներկրման առումով ծագած խնդրի շուրջ ի՞նչ եք մտածում եւ արդյո՞ք Դուք անձամբ քայլեր ձեռնարկելու եք այս շրջանակում։

֊Իհարկե, դա համընդհանուր մտահոգություն է եւ մասնավորապես Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում հաց ներկրելու համար։ Վերգետնյա տրանսպորտով արգելվել է հացահատիկի տեղափոխումը, այսինքն` դա պետք է միայն ծովային տրանսպորտով՝ Փոթիով կատարվի, եւ դա ակնհայտ խոչընդոտ է ստեղծում մեզ համար։ Ես կապվել եմ Վրաստանում հայազգի իմ գործընկերների հետ եւ առաջիկա խորհրդարանական նիստի ժամանակ այդ հարցը բարձրացվելու է։ Եվ ոչ միայն այդ ձեւով, այլ ընդհանուր առմամբ ավելի լայն կոնտեքստում այդ մտահոգության մասին պետք է բարձրաձայնել։

Ես ակնկալում եմ եւ լիահույս եմ, որ եղբայրական Վրաստանը մեզ ուղղված նման ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի։ Պետք է նշել, որ նորանշանակ վարչապետի այցը Վրաստան ամենայն ջերմությամբ ուղենշվեց եւ հայտարարություններ եղան, որ Վրաստանի հետ մենք ունենք զրո խնդիր։ Մեր հարաբերությունները պետք է վեր լինեն ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացներից։ Մենք պետք է հարաբերվենք որպես երկու դրացի, եղբայրական ժողովուրդներ։ Այնպես որ, սպասում ենք դրական լուծումների։

Մերի Մարտիրոսյան 



 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: