12/27/2025

Շանթ Հարությունյանին ասել եմ՝ ցանկացած պահի կհայտնվի ազատության մեջ, եթե համաձայնի առաջարկվող պայմաններին. Նիկոլ Փաշինյան

Շանթ Հարությունյանին ասել եմ՝ ցանկացած պահի կհայտնվի ազատության մեջ, եթե համաձայնի առաջարկվող պայմաններին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի գործին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի  ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, մանրամասնեց, որ վարչապետ ընտրվելուց հետո շատ արագ զբաղվել է Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին ազատ արձակելու հարցով: «Երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար կարևոր էր հասկանալ, թե կառավարությունը ինչ օրինական լծակներ ունի, մասնավորապես, Շանթ Հարությունյանին և այդ գործով մյուս դատապարտվածներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանզիմը, դա հետևյալն էր. երբ այդ դե յուրե դատապարտված անձի փակ ռեժիմը փոխվում է, դառնում է բաց ռեժիմ, որից հետո նրան տրվում է արձակուրդ: Դրանից հետո 24 ժամ նա լինում է ազատության մեջ, պայմանով, որ պարտավորվում է ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ տեղ և թղթեր ստորագրել:  Շանթ Հարությունյանը հրաժարվել է այդ մեխանիզմից օգտվել, որովհետև արձակուրդի համար պարտադիր է նրա կողմից դիմում գրելը»,- ասաց վարչապետը:

Վարչապետը մանրամասնեց, որ ինքը խնդրել է Շանթ Հարությունյանին ուղեկցել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ, որտեղ նրա հետ հեռախոսազրույց է ունեցել: «Նա ասաց, որ պահանջում է, որ իրեն արդարացնեն:

Ես նրան բացատրեցի, որ պարտավորվել եմ, որ հրահանգներ չեմ տալու դատական իշխանությանը և չեմ կարող զանգել ու հրահանգել, որ Շանթ Հարությունյանին արդարացնեն, որովհետև եթե մենք այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք: Ես ինքս էլ նույնկերպ համարվում եմ 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված անձ, ով համաներումով ազատ է արձակվել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ Շանթ Հարությունյանը շարունակել է պնդել, որ համաձայն չէ նման որևէ պայմանով ազատ արձակվել: «Ես նրան խնդրեցի և ասացի, որ ճիշտ կլինի, որ հիմա այդ թուղթը ստորագրի և հայտնվի ազատության մեջ, և ինչպես ես եմ ժամանակին փաստաբանների միջոցով  ՄԻԵԴ-ում պայքարել արդարացման համար, այդ ճանապարհով գնա: Բնականոն ճանապարհը դա է: Եթե մենք դատական համակարգին հրամաններ չենք տալիս, բնականոն ճանապարհը դա է: Ես նրան ընկերաբար խնդրեցի, ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, իսկ ինքը  քրեակատարողական հիմնարկում: Ես նրան խնդրեցի այդ քայլն անել: Ես ինքս էլ համաներումով դուրս եմ եկել, դա չի նշանակում, որ ես դադարեցրել եմ պայքարը իմ արդարացման ուղղությամբ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ ինքը Շանթ Հարությունյաին ասել է, որ վերջինս ցանկացած պահի կհայտնվի ազատության մեջ,  եթե համաձայնվի առաջարկվող մեխանիզմին: «Դրանից հետո ընդունել եմ նրա որդուն,  նրան ներկայացրել եմ իրավիճակը, նրան էլ փոխանցել եմ, որ Շանթին խնդրի համաձայնվել այդ պամաններին:

Ինձ համար զարմանալի է, որ իմ մամուլի խոսնակի  պարզաբանումից հետո ասում են, թե կառավարությունը ստում է: Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ բանտը մի տեղ չէ, որտեղից բանավոր խոսքով դուրս են գալիս: Որպեսզի որևէ մեկը մարդու համար բացի բանտի դռները, դրա համար պետք է լինի դե յուրե փաստաթուղթ: Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ վարչապետի զանգով բանտի դռները ինչ-որ մեկի առաջ կբացեն և նույն այդ զանգով որևէ մեկը կհայտնվի բանտում»,- նշեց Փաշինյանը:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: