12/28/2025

Համայնքների խոշորացման գործընթացը դադարեցված է, որպեսզի գնահատվեն լավ ու վատ կողմերը

Համայնքների խոշորացման գործընթացը դադարեցված է, որպեսզի գնահատվեն լավ ու վատ կողմերը

Նախկին իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: Պատճառները տարբեր են եւ դրանցից մեկն էլ այն է, որ մեծ դժգոհությունների ալիք կա: Նոր կառավարությունը ցանկանում է համայնքների խոշորացման գործընթացը այնպես բալանսավորել, որպեսզի դժգոհություններ չլինեն: Սյունիքում եւ Վայոց Ձորում կա նաեւ անհամաչափ բաշխում: Օրինակ, Վայոց ձորի 44 համայնքի միավորումից ձեւավորվել է 8 համայնք, Սյունիքի մարզի 113 համայնքի միավորումից կազմավորվել է դարձյալ 8 համայնք: ՀԺ-ն զրուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանի հետ, պարզելու, թե ինչու է դադարեցվել համայնքների խոշորացման գործընթացը:

- Պարոն Բակոյան, վարչապետը հայտարարեց, որ համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցված է: Խոշորացված համայնքներից դժգոհություններ կան, որ հավասարաչափ բաշխվածություն չի եղել: Ի վերջո ինչո՞ւ է դժգոհությունների ալիք առաջացրել այս ամենը: 

- Դժգոհությունները տարբեր պատճառներ ունեն` սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Սուբյեկտիվը այն է, որ մարդկային գործոնն է վերջիվերջո աշխատում եւ չի կարող մի ռեֆորմ բոլորին գոհացնել: Երբեւիցե, որեւէ ռեֆորմ, որ երկրում էլ լինի, ցավոտ կողմեր է ունենում: Ոչ մի ռեֆորմ առանց բացասական հետեւանքների չի անցնում, ժամանակ է պետք՝ ընթացիկ խնդիրները հասկանալու եւ դրանք շտկելու համար: Ծրագիրը ժամանակավոր դադարեցված է, վարչապետը բազմիցս հայտարարել է, որ պետք է որոշ ժամանակ գնահատվի, որոշ ժամանակ քննարկվի եւ ամփոփվի, թե որոնք են թերությունները, որոնք են լավ կողմերը: Այդ պատճառով է կասեցվել, իսկ թե ինչքան ժամանակով, դա արդեն քաղաքական որոշման հարց:

- Հնարավո՞ր է համայնքների խոշորացումը ընդհանուր կասեցվի:

- Կարծում եմ, որ՝ ոչ, դրա մասին ասել է նաեւ վարչապետը: Պրոցեսը լավ պրոցես է, բայց պետք է արվի հավուր պատշաճի:

- Ինչո՞ւ է համայնքների խոշորացման գործընթացը ոչ ճիշտ բալանսավորված: Մի տեղ 100 համայնքը խոշորացման արդյունքում դարձել է 8 համայնք, մեկ այլ տեղ 50 համայնքն է խոշորացման արդյունքում դարձել 8 համայնք:

- Դուք նկատի ունեք Սյունիքը եւ Վայոց Ձորը: Սյունիքը եւ Վայոց Ձորը ամենաշատ վերլուծած եւ ուսումնասիրած մարզերն են: Ամենասկզբում խոշորացման փնջերը ձեւավորելիս առաջին հերթին ընտրվել է Վայոց Ձորը, հետո՝ Սյունիքը: Սյունիքում մեծամասամբ եղավ ըստ շրջանների: Վայոց Ձորում Մալիշկան չի արվել դեռ, Եղեգնաձորը չի արվել: Գորայքը հնարավոր չէր միացնել այլ համայնքի, այն աշխարհագրորեն կտրված է: Ասենք, եթե մի ձոր է, այդ ձորի կողքում գտնվող համայնքները կարող են լինել 6-ը, կարող են լինել 16-ը եւ չենք կարող դրան ավելացնել մյուս ձորից այլ համայնք եւ ասել՝ թող լինի ավելի մեծ:

- Խոշորացված համայնքի ղեկավարի համար հե՞շտ է արդյոք մի քանի համայնք ղեկավարելը:

- Հայաստանում մինչեւ խոշորացումը 915 համայնք էր: Լավ կառավարչից է կախված, լավ անձնավորություն պետք է ընտրվի: Եթե նախկինում ամբողջ շրջանը մի հոգի ղեկավարում էր, դա ի՞նչ խնդիր էր: Այստեղ միայն լավ կառավարման խնդիր է: Եթե վատ կառավարիչ եղավ, մեկ համայնքն էլ է իրեն շատ, ուր մնաց՝ 30-40 համայնքը: Անձից է կախված, ինչը, կարծում եմ, մոտակա ընտրություններին կկարգավորվի:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: