12/28/2025

ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. Էդուարդ Շարմազանով

ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է:

ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: Դեսպանը կարևորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարևորելով  ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը:

Ընդգծելով, որ հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարևորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները:
 

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: