01/12/2025

Ցուցահանդես՝ «Աստվածային կատակերգության» մոտիվներով

Ցուցահանդես՝ «Աստվածային կատակերգության» մոտիվներով

Սյունիքի մարզային գրադարանը Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի հետ մեկտեղ կազմակերպել էր մեր հայրենակից Արմեն Գասպարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որում տեղ էին գտել արվեստագետի 30 գրաֆիկական աշխատանքները: «Աստվածային կատակերգություն»՝ այսպես էր ցուցահանդեսի խորագիրը, որ հուշում էր, թե նրա թեմատիկան ներառում է միջնադարի իտալացի խոշորագույն բանաստեղծ Դանթե Ալիգիերիի հայտնի պոեմը՝ բաղկացած երեք մասից՝ «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Ցուցադրանքում բացառապես անդրադարձ կար Դանթեի ստեղծագործության առաջին մասին՝ «Դժոխքին»: Ցուցահանդեսի բացման խոսքում մասնաճյուղի տնօրեն Բորիկ Մինասյանը Արմեն Գասպարյանին բնորոշեց մի արվեստագետի, ով զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով եւ քանդակով եւ հայտնի անուն է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:

Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնի գրադարանավարուհի Արփինե Թումանյանը ներկայացրեց Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմը, նրա գաղափարական բովանդակությունը, որպես գեղանկարչի ոգեշնչման աղբյուր: 

«Այն թեման, որին անդրադարձել է Արմեն Գասպարյանը շատ լուրջ է, շատ խորը, նայելով նկարներին՝ կարելի է ասել, որ այստեղ արտահայտված է Աստծո ձայնը,- ասաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը»:

Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությունը նկարազարդել է հանրաճանաչ  գեղանկարիչ Գյուստավ Դորեն: Այս առումով Ա.Գասպարյանը նշեց, որ շատերն են անդրադարձել Դանթեի ստեղծագործությանը գեղանկարչության առումով: «Դանթեի նկարազարդումները ամենահաջողվածներից են, սակայն յուրաքանչյուր նկարիչ կարող է իր հայեցակետով, յուրովի մեկնաբանել Դանթեի ստեղծագործությունում նկարագրված իրադարձությունները, սա էլ Դանթեի ստեղծագործության իմ ընկալումն է: Եվ սա իմ ստեղծած շարքի մի մասն է»,- «Սյունյաց երկրին» փոխանցեց Ա. Գասպարյանը:

Արմեն Գասպարյանը սովորել է Ջորջ Հայրապետյանի գեղարվեստի դպրոց-ստուդիայում, այնուհետեւ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական գրաֆիկական բաժինը: 1985 թվականից ստեղծագործում է այդ քաղաքում, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ է: Գեղակարչի խորհրդանշական աշխարհը գերում է ներքին դրամատիզմով, նուրբ լիրիկայով եւ առեղծվածային գաղտնիքի զգացողությամբ: Նա գտել է գեղանկարի գեղարվեստական լեզուն՝ իր մեջ ներառելով դասական արվեստի ավանդույթները: Նրա աշխատանքները 1992 թվականից գտնվում են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ շատ այլ երկրների անհատական հավաքածուներում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: