10/17/2026

Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար. Շարմազանով

Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր հարթություններում եւ հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:

Քննարկվել են մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս առումով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով. «Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով:  

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: