12/29/2025

Եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել ինչ-որ օլիգարխի. Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

Եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել ինչ-որ օլիգարխի. Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Շենգավիթ վարչական համայնքում, կոչ արեց քվեարկել դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին:

Նախընտրական հավաքի ժամանակ վարչապետն իր ելույթում նշեց, որ ուզում են ստեղծել այնպիսի կառավորություն, որը ոչ թե հաց կտա ժողովրդին, այլ հնարավորություն կստեղծի վաստակել այն: «Մենք ուզում ենք ունենալ այնպիսի կառավարություն, որը ուղիղ կնայի ժողովդրի աչքերի մեջ: Հայաստանում օլիգարխներ չկան, որովհետև օլիգարխ նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հայաստնում չկա ավելի բարձր կոչում, քան  Հայաստանի հպարտ քաղաքացի կոչումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց վարչապետը:

Նա գործարարներին կոչ արեց ծառայել երկրին, հարստանալ ու հարստացնել, բայց իրենց հարստությամբ ուրիշներին չնվաստացնեն, այլ հակառակը՝ ավելի հպարտացնեն:

«Գործարարները և գործարարությունը չափազնաց կարևոր ինստիտուտներ են Հայաստանի համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինական հարկերը վճարելով, մյուս քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելով, իրենց՝ բոլորի հետ հավասար քաղաքացի ընկալելով հսկայական հարգանքի կարժանան, որովհետև գործարարների խավը արդյունք ու աշխատատեղեր է ստեղծում երկրում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը մի տեղ է, որտեղ հնարավոր է գործել ու հարստանալ:

«Եվ ուրեմն, եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել որևէ մականունավոր օլիգարխի, այդ երեխաները ցանկանալու են նմանվել Տիգրան Մանսուրյանին, Արմենակ Ուրֆանյանին, նրանց իդեալը լինելու է Կոմիտասն  ու Թումանյանը, Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը: Նրանց երազանքը լինելու է տիեզերքը, կրթությունն ու հզոր ապագան»,- նշեց նա։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: