05/28/2022

Որ անվտանգ ու հուսալի լինի պոչամբարը

Որ անվտանգ ու հուսալի լինի պոչամբարը

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը մտադիր է իրականացնել Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքներ: Նախատեսվող գործունեության շրջանակում ամրացվելու են պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցները եւ բարձրացվելու է դրանց սեյսմակայունությունը, նորացվելու են ռեսուրսը սպառած ենթակառուցվածքները: Պոչամբարի գործող աշխատանքային նախագծով սահմանված ծավալը մնալու է անփոփոխ:

Սեպտեմբերի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակում Կապանի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ նախատեսվող գործունեության նախնական գնահատման փուլի հանրային քննարկում: Միջոցառմանը կոմբինատի աշխատակիցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ բնապահպաններից զատ մասնակցում էին «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի մասնագետները:

Օրվա բանախոսը՝ կոմբինատի հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանը նախ ներկայացրեց ձեռնարկության արտադրատնտեսական ցուցանիշները, նշելով, որ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունն արդյունահանել է 311 հազար տոննա հանքաքար, արտադրվել է 0.4 տոննա ոսկի, վեց տոննա արծաթ, 800 տոննա պղինձ եւ 3000 տոննա ցինկ: Հանքաքարի հարստացման այն տեխնոլոգիան, որ կիրառվում է կոմբինատում, ենթադրում է թափոնների պոչերի գոյացում, դեռ ավելին՝ հանքաքարի մեծ մասն է վերածվում պոչանքի, ու այդպիսի լեռնահանքային համալիրները պետք է լուծեն այդ պոչանքի եւ բնապահպանական տեսանկյունից անվտանգ պահեստավորման խնդիրը: Կոմբինատը թափոնների պոչերը պահեստավորում է Գեղանուշի պոչամբարում, որի անվտանգության ու հուսալիության բարձրացման ծրագիրն էլ ներկայացված էր հանրային քննարկման: Առավել խնդրահարույցը պոչամբարի հյուսիսային պատվարն է, որի պատշաճ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է 900 հազար խորանարդ մետր լրաբեռնում: Այլապես 8.5 բալ եւ ավելի երկրաշարժ լինելու դեպքում հնարավոր է պատվարի փլուզում եւ ապարախյուսի արտահոսք, որ կարող է ծածկել պատվարից ներքեւ գտնվող, դեպի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհը, մասնավորապես խախտել Կապան-Երեւան միջպետական ճանապարհի անցունակությունը: Իսկ վերոնշյալ լրաբեռնման դեպքում (900 հազար խորանարդ մետր) կապահովվի պատվարի անվտանգությունը եւ սեյսմակայունությունը, ընդ որում՝ անփոփոխ կմնա պոչամբարի ծավալը՝ 11 միլիոն խորանարդ մետր:

Վահրամ Ավագյանը ներկաներին հավաստիացրեց, որ պատվարի լրաբեռնումն իրականացվելու է աստիճանաբար եւ այդ միջոցառման շնորհիվ Գեղանուշի պոչամաբարի հյուսիսային պատվարի լիարժեք սեսմակայունություն կապահովվի: Նաեւ տեղեկացրեց, որ հանրային քննարկման նպատակն է ճշտել հանրության առաջնային վերաբերմունքը, որից հետո առավել մանրամասն կվերամշակվի աշխատանքային նախագիծը, ինչը շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման փաստաթղթի հետ կհրապարակվի:

Ըստ էության բանախոսին հարցեր չուղղվեցին, միայն նա ավելացրեց, որ հարցեր տալու ժամկետը 18 աշխատանքային օր է՝ հանրային քննարկման իրազեկման օրվանից սկսած,  այսինքն՝ սեպտեմբերի 5-ից, երբ հանրային քննարկման մասին հայտարարությունը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: