12/29/2025

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:25-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ դեբատ է սպասվում: Հ1-ի եթերում բանավիճելու են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քաղաքապետի թեկնածուները:

Դեբատը տեղի է ունենալու Առաջին ալիքի «Խաղի կանոններ» հեռուստածրագրի շրջանակներում: Երեկ երեկոյան հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճի է հրավիրել քաղաքապետի բոլոր 12 թեկնածուին:

Երեկվա դրությամբ թեկնածուներից միայն տասն էին համաձայնել մասնակցել դեբատին: Նրանք են՝ Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք), Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ), Անահիտ Թարխանյան («Երեւանի հանրություն» դաշինք), Գեւորգ Հովսեփյան («Հայք» «Հայկազունիներ» կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր» կուսակցություն), Արարատ Զուրաբյան («Երեւանցիներ» դաշինք):

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: Նրա մայրը վախճանվել է, Գասպարյանը չի մասնակցելու նաեւ քարոզարշավին:

Դեբատին, փաստորեն, հրաժարվել է մասնակցել միայն ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, հենց նա էր դեբատի գաղափարի հեղինակը: Զոհրաբյանը բանավեճի էր հրավիրել Հայկ Մարությանին, վերջինս, սակայն հայտարարել էր, որ որեւէ մեկին չի առանձնացնի եւ պատրաստ է բանավեճի մասնակցել բոլոր թեկնածուների հետ միասին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: