12/29/2025

Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն առավել կամրապնդվի. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն առավել կամրապնդվի. ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՄՆ նախագահի ուղերձում ասվում է.

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: 

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը: 

Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար: 

Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: 

Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: