12/29/2025

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.
 
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար: 

Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ՝ կերտելով իր ազատ ու անկախ պետականությունը, դիմակայել է բազում փորձությունների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների հաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ:

Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է մեր ավանդը ներդնել Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում:
 
Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ նոր հաղթանակների կերտման ճանապարհին»:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: