12/29/2025

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) գիտելիքի արտաքին գնահատում է անցկացնելու հանրապետության մի շարք դպրոցների ավարտական 12-րդ դասարաններում՝ հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից:

Գործընթացը կսկվի սեպտեմբերի 24-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Դրանում կընդգրկվեն 157 հանրակրթական հաստատություններ՝ մարզերում եւ 20-ը՝ Երեւանում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում փոխանցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը: 7 հազար աշակերտ քննություն կհանձնի հայոց լեզվից եւ 7 հազարը՝ հանրահաշվից:

Ավելի վաղ, երբ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նպատակ կա միասնական քննությունների տարբերակով ու ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ անցկացնել նաեւ ավարտական քննությունները, ասաց, որ կդիմի ԳԹԿ-ին՝ մինչ այդ արտաքին գնահատում կազմակերպելու առաջարկով: Փաշայանը նշեց, որ դա հաշվի առնելով էլ այս անգամ որոշել են ընտրել 12-րդ դասարանը (ԳԹԿ-ն արտաքին գնահատումներ իրականացնում է պարբերաբար՝ տարբեր դասարաններում):

Նաեւ որոշվել է, որ ընթացիկ ուսումնական տարվա վերջին միասնական քննությունների տարբերակով կանցկացվի ավարտական քննություններից միայն մեկը՝ հայոց լեզու առարկայից՝ ի տարբերություն նախապես ծրագրված ամբողջ ծավալի: Անցումը կլինի աստիճանական, ինչպես տարիներ առաջ եղավ միասնական քննությունների դեպքում: 9-րդ դասարանի ավարտական քննությունների վերաբերյալ դեռ որոշում չկա, բայց այս դեպքում էլ առաջարկվում է կենտրոնացված տարբերակով կազմակերպել առայժմ միայն քննություններից մեկը:

Ինչ վերաբերում է ԳԹԿ-ի կողմից անցկացվելիք ավարտական քննությունների ժամկետին, ըստ Արմեն Փաշայանի քննարկվում է, որ դրանք պետք է լինեն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում: Նա նկատեց, որ թեպետ ուսումնական գործընթացը դպրոցներում եզրափակվում է մայիսի 20-ին, բայց ծրագիրն ավարտված է լինում ավելի վաղ, ու մնացած ժամանակը տրամադրվում է թեմաների կրկնողությանը: Արմեն Փաշայանը կարծում է, որ նոր առաջադրված խնդիրը ԳԹԿ-ն կկարողանա պատշաճ ձեւով հաղթահարել ու հաջորդիվ անցնել միասնական քննությունների անցկացմանը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: