12/29/2025

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, նման հնարավորությունը քննարկվել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակության հանդիպման ժամանակ: 

Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հարցեր են կապված հավաքման արտադրությունների կազմակերպման հետ, օրինակ, վերելակների»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևանում նկատվում վերելակները փոխելու ծրագրի անհրաժեշտություն:

Նա հավելել է, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցություն ունենալ այդ ծրագրին: Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը համարել է գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների հավաքման արտադրության կազմակերպումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համագործակցությունն արդիական է, քանի որ Հայաստանը զբաղվում է ավտոարդյունաբերության վերազինմամբ և պարբերաբար գնում է բելառուսական ժամանակակից տրակտորներ:

Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ այս տարի Հայաստանն ու Բելառուսը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ շեշտելով, որ այդ ընթացքում կարողացել են ոչ քիչ հաջողությունների հասնել. Երկու երկրների միջև հաստատվել են հարաբերություններ՝ հիմնված բարեկամության, փոխհասկացվածության և հարգանքի վրա: «Կարևոր է, որ մեր միջև միշտ եղել է բաց երկխոսություն, իսկ փոխգործակցությունը միշտ միտված է եղել համագործակցության արդյունավետ զարգացմանը»,- ասել է նա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: