12/29/2025

Համաներում կարող է լինել ցանկացած պահի. փաստաբան

Համաներում կարող է լինել ցանկացած պահի. փաստաբան

Քրեակատարողական հիմնարկներում  թավշյա հեղափոխությունից հետո լուրեր էին տարածվել սպասվելիք համաներման մասին: Համաներումը սպասվում էր ՀՀ Անկախության տոնին ընդառաջ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը այս մասին որևէ հայտարարություն չարեց:

Իրավապաշտպան կառույցները պարբերաբար խոսում էին համաներման անհրաժեշտության մասին, քանի որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ստեղծված իրավիճակը մեղմ ասած` անմարդկային է: Բազմաթիվ «կարված» գործեր, նախորդ ռեժիմի կամայականությունների «զոհեր»...:

Փաստաբան Տիգրան Սարգսյանը ամիսներ շարունակ խոսում է համաներման անհրաժեշտության մասին:

Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Տիգրան Սարգսյանը նշեց.«Բազմաթիվ քաղաքացիներ դատապարտվել են և պատիժ են կրում ոչ այն ծանրության արարքի համար, որը իրենց մեղսագրվել է: Քրեական հետապնդմամբ զբաղվող մարմինները միշտ բարդացրել,  ծանրացրել են արարքը: Անգամ, եթե հնարավորություն է եղել արարքը մեղմացնելու նրանք հակված են եղել` ծանրացմանը: Օրինակ` սպանության փորձ է, թե՞ առողջությանը վնաս հասցնել` հիմնականում շեշտը դրվում է սպանության փորձի վրա:Պարզապես մենք ապրել ենք մի ժամանակաշրջանում, որտեղ դատավորները անվերահսկելի էին…»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանը նկատում է, որ արդարադատությունը չի ընկալվել, որպես արդարության հաստատում և հեղափոխությունից հետո մարդիկ ցանկանում են` արդարադատության սահմանումը հստակեցված տեսնել:

«Տարիներ շարունակ խնդիրներ են կուտակվել և հասունացել է համաներում հայտարարելու անհրաժեշտությունը:Համաներումը խրախուսում է դատապարտյալին,որ ընտրեն ուղղման ճանապարհը:Այս պարագայում` դատապարտյալները փորձում են կարգապահական տույժեր չունենալ, օրինավոր վարք են դրսևորում, որ վաղակետ ազատության մեջ հայտնվեն:Սա չի նշանակում, որ հանցագործներ են վերադարձնում հասարակություն, քանի որ օրենսդրորեն վերանայվում է գործընթացը: Համաներում` չի նշանակում, որ բոլորը պետք է դուրս գան և այդ թվում վտանգավոր մարդիկ»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանը նկատում է.«Մարդիկ համաներումը կապում են տոների հետ, սակայն օրենսդրությամբ նման պայման չկա նախատեսված: Համաներում կարող է լինել ցանկացած պահի...չի բացառվում, որ մինչև տարվա վերջ համաներում լինի»:

Լուսին Ղազարյան

 

primenews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: