12/29/2025

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա  ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:  

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: