12/29/2025

Կսկսենք Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ամենադժվար՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները. ՏԿՏՏ նախարար

Կսկսենք Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ամենադժվար՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները. ՏԿՏՏ նախարար

Նախատեսում ենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամենադժվար հատվածում աշխատանքներն առաջ տանել, որն ավելի էական է. այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Ըստ նրա՝ ճանապարհի կառուցումը կսկսեն Սիսիան-Քաջարան հատվածից, և նախագիծը կմասնատեն:

«Այսինքն՝ հակառակ նախկին դիրքորոշման, որ անենք այն հատվածը, որ կար և այդքան անհրաժեշտ չէր, հիմա ուզում ենք խիստ անհրաժեշտ հատվածն անել»,-ասաց նա:

Ըստ նախարարի՝ իրենք էլ մասնակի համաձայն են այն մեղադրանքներին, որոնք ուղղված էին նախկիններին, թե ինչու են ճանապարհի կառուցում սկսել Արտաշատ-Աշտարակ հատվածից: «Այն, ինչի համար մեղադրել են, մասնակի մենք էլ ենք համաձայն, թե ինչու  հենց այս հատվածից առաջինը որոշեցին Տրանշ 1-ը սկսել՝  Արտաշատ-Աշտարակ հատվածից, իհարկե դա էլ իր արդացումներն է ունեցել»,-ասաց նա:

Թե չարաշահումներն ինչքանով են վերաբերում նախարարությանը, Աշոտ Հակոբյանը նշեց, որ որևէ այլ տվյալ չունի, միայն տեղյակ է, որ 24 մլրդ-ի խախտման մասին է խոսքը: «Չգիտեմ որպես վնաս ինչն է դիտվել, որովհետև հարուցման ընթացքը ընդարձակ է, տարբեր տարիների պաշտոնատար անձանց է վերաբերում, կստուգեն ու կերևա հետագա ընթացքը, գործը մեր տիրույթում չի»,-ասաց նա:

Հարցին, թե ի վերջո կտեսնենք այդ ճանապարհը, նախարարը ժպտաց և նշեց՝ կարծում է, այո: Նա հաստատեց, որ արված ճանապարհը հիմա վերանորոգում են, ճաքեր են փակում: «Ճանապարհը դեռևս մեր կողմից չի ընդունվել, իրենք պարտավոր են թերությունները վերացնել, մենք էլ փորձաժամկետ ունենք, կտեսնենք, իրականում թերությունները վերանո՞ւմ են, թե ոչ, նոր կընդունենք այդ ճանապարհը»,-ասաց նա:

politik.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: