05/28/2022

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում բոյկոտում են երկրի առաջին փոխվարչապետի որոշումը. ովքե՞ր, ինչո՞ւ

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում բոյկոտում են երկրի առաջին փոխվարչապետի որոշումը. ովքե՞ր, ինչո՞ւ

Սեպտեմբերի 18-ից Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կամ առերեւույթ ուղղված են Շուշանիկ Հովսեփյանին այդ դպրոցի տնօրեն նշանակելու դեմ:

Իրադարձությունների ընթացքին փոք–ինչ ծանոթանալուց եւ հետաքննելուց հետո, սակայն, բախվում ենք այլ իրողությունների:

Փաստորեն Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանը, իր լիազորությունների սահմաններում, սեպտեմբերի 10-ին Գորիսի N 2 հիմնական դպրոցում տնօրեն է նշանակել: Եվ երբ նշանակման մասին սեպտեմբերի 18-ին իմացել են դպրոցում, կոլեկտիվի անդամների մի մասն անհամաձայնություն է հայտնել այդ նշանակման հետ:

Հարց 1-ին. ինչո՞ւ է հանրակրթական դպրոցի տնօրեն նշանակվել հանրապետության առաջին փոխվարչապետի կողմից:

Մինչ այդ՝ երկու անգամ, դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել (24 օգոստոսի 2018թ. եւ 31 օգոստոսի 2018թ.):

Երկու անգամ էլ քվորումի բացակայության պատճառով կառավարման խորհրդի նիստը տեղի չի ունեցել:

Եվ առաջին փոխվարչապետը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 28.1 հոդվածով, առաջարկել է օրենքով սահմնաված կարգով աշխատանքային պայմանագիր կնքել «Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թեկնածու Շուշանիկ Հովսեփյանի հետ:

Դա սեպտեմբերի 10-ին էր:

Հարց 2. ինչպե՞ս է Շուշանիկ Հովսեփյանի անունը հայտնվել ՀՀ առաջին փոխվարչապետի սեղանին:

Դպրոցի տնօրենի չորս հավակնորդի անուններն էլ Սյունիքի մարզպետարանն է ներկայացրել առաջին փոխվարչապետին՝ Արամ Մուսախանյան, Շուշանիկ Հովսեփյան, Սիրուն Զադայան, Գայանե Գալստյան. այդպես է սահմանված գործող կարգով:

Եվ առաջին փոխվարչապետը նախապատվությունը տվել է Շուշանիկ Հովսեփյանին, ով 12 տարի աշխատել է այդ դպրոցում՝ Հայոց լեզվի եւ գրականության, ապա եւ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի, իսկ վերջին երկու տարում՝ դպրոցի տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցության գծով:

Հարց 3. ինչո՞ւ է օգոստոսի 24-ին եւ օգոստոսի 31-ին ձախողվել դպրոցի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր դպրոցի տնօրեն:

Երկու դեպքում էլ՝ քվորումի բացակայության պատճառով:

Երկու դեպքում էլ կառավարման խորհրդի նիստին չի մասնակցել կառավարման խորհրդի նախագահ Միլենա Գասպարյանը:

Հարցերի շրջանակը, սակայն, դրանով չի ավարտվում:

Թիվ 2 դպրոցում իրադարձությունները նման ընթացք չէին ունենա, եթե կառավարման խորհուրդն իր բարձրության վրա գտնվեր:

Մինչդեռ, խորհրդի նախագահը տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին նվիրված երկու նիստին չի մասնակցել:

Խորհրդի նախագահը, ինչպես նշեցինք, Միլենա Գասպարյանն է՝ Սյունիքի հեռացված մարզպետ Վահեի օգնականը:

Վահեի հեռանալուց հետո նա մի անգամ՝ հունիսի վերջերին, այցելել է դպրոց եւ հավաստիացրել, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, որ ինքը դեռ անելիք ունի:

Միլենան դպրոցի խորհրդի կազմում ընդգրկվել էր 2017-ի վերջին կամ 2018-ի սկզբին՝ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուայի հետ…

Հիշեցնենք, որ դպրոցի 20 տարվա տնօրենն էր ոչ անհայտ Սիրուշը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2018թ. փետրվարի 24-ին:

Հենց այդ ժամանակ էլ դպրոցում պետք է նշանակվեր մրցույթ՝ տնօրենի թափուր տեղի համար:

Վահեին Սյունիքից վտարելուց հետո Սիրուշի խնդիրն օրակարգային դարձավ…

Ու սկսվեց տնօրենի աթոռի համար պայքարը:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ի՞նչ ունենք արդյունքում. երկրի առաջին փոխվարչապետի որոշումը վիճարկվում է Գորիսի N 2 հիմնական դպրոցի մի քանի ուսուցիչների (որքան էլ մեծամասնություն են կազմում)  կողմից:

Այդ ամենին զուգահեռ սեպտեմբերի 24-ին ուսուցիչների մի մասը կազմակերպեց դասադուլ, իսկ սեպտեմբերի 28-ին (մոտ 1-1,5 ժամ տեւողությամբ) ուսուցիչները շրջափակեցին Կապան-Գորիս ավտոմայրուղին: Օրեր առաջ էլ նրանք դիմել են ՀՀ առաջին փոխվարչապետին եւ ԿԳ նախարարին՝ ս.թ սեպտեմբերի 10-ի որոշումը չեղարկելու պահանջով:

Սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն էր ժամանել դպրոց՝ մանկավարժների պահանջով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Մարզպետը հորդորեց՝ սպասել առաջին փոխվարչապետին հղած (32 հոգու ստորագրությամբ) դիմումի պատասխանին, որից հետո կրկին կհանդիպի ու կքննարկի իրավիճակը:

Գորիսի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները խնամքով եւ հետեւողականորեն լուսաբանում էին եւ են «Զանգեզուր TV» հեռուստաստուդիան եւ գորիսյան ֆեյսբուքյան էջերից մեկը:

Ուշադիր հետեւելով այդ լուսաբանումններին՝ դժվար չէ տեսնել, որ ելույթ ունեցողները բռնել են Շուշանիկ Հովսեփյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու ճանապարհը՝ չհիմնավորելով սակայն, թե ինչու նա չի կարող ղեկավարել դպրոցը: Միակ պատճառը, որ նշում են միաբերան, տնօրենի բանասիրական գիտելիքների պակասն է իբր, ինչի հետ, մինչդեռ, համաձայն չեն նրա ուսանողական տարիների ընկերները եւ դասախոսները, ինչպես եւ աշակերտներն ու նրանց ծնողները:

Շատ տարօրինակ է, որ 12 տարվա գործընկերուհու գիտելիքները յուրովի մեկնաբանելու եւ գնահատելու, ասել է թե՝ ատեստացիոն հանձնաժողովի իրավունք են իրենց վերապահել դպրոցի մի քանի ուսուցչուհի:

Մեկ ուրիշ դիտարկում եւս՝ ովքե՞ր եւ ինչո՞ւ են վիճարկում երկրի առաջին փոխվարչապետի որոշումը. դրանք շատ կարեւոր հարցեր են, որոնց պատասխանը, դատելով հեռուստահաղորդումներից, դեռեւս չի տրվել, որոնց պատասխանը, կարծում ենք, պետք է տրվի:

Ոչ պակաս տարօրինակ է իրավիճակը, որ դպրոցի կառավարման խորհրդի անգործության հետեւանքով ստեղծված իրավիճակում դպրոց չի այցելում կառավարման խորհրդի նախագահը՝ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, եւ, որ ոչ պակաս զարմանալի է, նրան հետ կանչելու հարցով ոչ ոք դեռեւս մտահոգված չէ:

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ է դպրոցի մանկավարժական կոլեկտիվի մի մասի կողմից անցանկալի անձ  հայտարարվել Շուշանիկ Հովսեփյանը. դա հանգամանալից ուսումնասիրման կարոտ հարց է:

Մինչեւ հիմա, ըստ դպրոցից ստացած տեղեկությունների, Շուշանիկ Հովսեփյանը դիտվում է իբրեւ հեռացած տնօրենի՝ Սիրուշ Ակլունցի թեկնածուն, որը, մինչդեռ, իրականությանը չի համապատասխանում:

Իրականում դպրոցում տեղի է ունենում տնօրենի աթոռի համար կռիվ, անձնական շահերի բախում, ինչի համար եւ մյուս հավակնորդների շահերն առայժմ համընկնում են:

Չի բացառվում, որ Շուշանիկ Հովսեփյանի հրաժարականից հետո, եթե առաջին փոխվարչապետը  տեղի տա,  կրքերը շարունակվեն բորբոքված մնալ…

Անտարակույս, գնահատելի է Շուշանիկ Հովսեփյանի զսպվածությունը, բայց եւ հասկանալի չէ նրա լռությունը, բարձրացվող հարցերին եւ հնչող մեղադրանքներին  չպատասխանելու նրա՝ չափից ավելի համառությունը:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: