12/29/2025

Վարչապետ Փաշինյանը չի բացառում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը

Վարչապետ Փաշինյանը չի բացառում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը:

«Պետք է արագացնենք արտահերթ ընտրությունները, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի ու տնտեսության ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ նրանք բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է երկարաժամկետ քաղաքական տեսլական, որպեսզի տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ ու փոփոխություններ անել: Տնտեսական շահերից է բխում, որպեսզի արագ անենք այդ փոփոխությունները»,-ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների հասնելու տարբերակները շատ են, բայց պետք է քննարկումների արդյունքում գտնել դրանցից ամենառացիոնալը:

«Մեր խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելն է, այլ հասնելն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակները քննարկել: Մենք պատրաստ ենք նաև կառուցողական բանակցությունների: Պետք է հասնենք ամենառացիոնալ տարբերակին: Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող տեղի չունենալ, և ժողովրդի պահանջն է, որ դրանք տեղի ունենան հնարավորինս ամենակարճ ժամկետում»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Փաշինյանը նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին երկրում տիրող իրական պատկերը:

«Հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրությունները որոշակի պարզաբանում մտցրեցին քաղաքական իրավիճակում, որովհետև երբ դրանից առաջ նայում էինք մեր մամուլի վերլուծությունները, գիտեք՝ ինչ տպավորություն էր, բայց ընտրությունները ուրիշ պատկեր ցույց տվեցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: