12/29/2025

Վարչապետը ներկայացրեց սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման մանրամասները

Վարչապետը ներկայացրեց սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման մանրամասները

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարության նոր որոշմամբ ցորենի, գարու և կերակրային մշակաբույսերի աշնանացան կատարելու համար սահմանապահ Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձունի, Ներքին Կարմիրաղբյուր Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր համայնքների բնակիչները իրականացրած մեկ հեկտար ցանքի համար կստանան 60 հազար դրամի աջակցություն: «Այն գյուղացիները, ովքեր այս համայնքներում 1-7 հեկտար աշնանացան կիրականացնեն, մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն: Այսինքն, եթե մեկ հեկտարի մասին է խոսքը, կստանան 60 հազար դրամ, եթե երկու հեկտար է, աջակցությունը կլինի  120 հազար դրամ և այդպես շարունակ»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ սա նույնպես Հայաստանում աշխատանքը խրախուսելու շրջանակներում իրականացված քայլ է: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում տնտեսական կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նրա գնահատմամբ՝ տնտեսությունը պետք է այնպես վերափոխեն, որ Հայաստանն ագրարային երկրից դառնա արդյունաբերական երկիր, իսկ որպես դրա նախաքայլ երկրում հարկավոր է խրախուսել աշխատանքը: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ և գյուղում, և քաղաքում մարդիկ շահագրգռված լինեն աշխատել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հետագա որոշումներով  ևս փորձելու են լուծել այդ խնդիրը:

 

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: