12/29/2025

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումներ սկսելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումներ սկսելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տնտեսությունը, բիզնեսը լինելու են շունչը պահած վիճակում մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա: Վարչապետի խոսքով՝ բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն, որն աշխատելու է կառավարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ վերջին ամիսները ցույց են տվել, որ խորհրդարանում այդպիսի վստահելի իրավիճակ չունենք:

«Եվ, բացի դա, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները՝ շեշտելով, որ դրանք, ըստ էության, իրարից մեծապես չեն տարբերվելու, քանի որ հայտնի է, թե ինչի մասին են խոսելու: «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ես հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի: Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այդ գործընթացին աջակցություն ցուցաբերել այս կամ այն ձևով»,- եզրափակեց վարչապետը:

armenpress.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: