12/30/2025

Հայաստանում վերջին տարիներին մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կրճատվել են

Հայաստանում վերջին տարիներին մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը կրճատվել են

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի առողջապահական ծրագրերի պատասխանատու Լիանա Հովակիմյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Դավթյանը ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մեծ ներդրումը Հայաստանում առողջապահական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման հարցում, ինչպես նաև Հայաստանի գրասենյակի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը:

Աֆշան Խանն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների, մասնավորապես մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության կրճատման և վաղ հասակի երեխաների սնուցման կարգավիճակի բարելավման առումով: Ըստ ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակումների՝ վերջին տասնամյակում մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է ավելի քան 1,6 անգամ, իսկ վաղ տարիքի երեխաների 2015թ. թերաճության ցուցանիշը` 2010թ. համեմատությամբ կրճատվել է գրեթե 2 անգամ: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ի լրումն մանկական մահացության իջեցմանը միտված բազմաթիվ միջոցառումների, ուժեղացվել է հսկողությունը մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի նկատմամբ:

«Յուրաքանչյուր մանկական մահվան դեպքի վերաբերյալ տեղեկացվում են ոլորտի պատասխանատուները` դեպքերի ամփոփ վերլուծության և առանձին դեպքերի վարման գործընթացի մասնագիտական գնահատման, ծառայողական ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով»,- շեշտել է Արսեն Դավթյանը:

Քննարկվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ հետագա համագործակցության և համատեղ աշխատանքի հեռանկարները, կարևորվել երեխաների առողջության բարելավման հարցում առանցքային դեր ունեցող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նորածնային առողջությունը, վնասվածքների և բռնության կանխարգելումը, տնային այցերի համակարգի ուժեղացումը, սնուցման հարցերի շուրջ տեղեկատվության տրամադրումը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: