12/30/2025

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Արմեն Սարգսյանը ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Արմեն Սարգսյանը ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Նա ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի: Արմեն Սարգսյանը հանրապետությունում չէ՝ Նյու Յորքում է, կգա մասնակցելու Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողություններին: Կխոսենք միմյանց հետ, նաև կարծում եմ, որ նա ցանկություն կունենա հանդիպել քաղաքական ուժերի հետ՝ քննարկել իրավիճակը»,- «Արմենպրես»-ի փոխայնցմամբ, Ազգային ժողովի բակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համատեսքտում գործընկերների հետ կքննարկի իրավիճակը: «Առաջիկա օրերին, այդ հարմար օրը, որը խելամիտ կլինի ընթացիկ պլանները չխաթարելու առումով, հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից, մնալով վարչապետի պաշտոնակատար: Այս ընթացքում կփորձեմ նշանակել նոր նախարարներ, մարզպետներ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշեց, որ նպատակահարմար է համարում ընտրությունների անցկացման շուրջ ստորագրել հուշագիր, քանի նոր «մարդիկ նրանց բանավոր հավաստիացումներին հնարավոր է չվստահեն»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչից հետո վարչապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ արեց չստորագրել ընդունված օրինագիծը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: