12/30/2025

Վարչապետի այլ թեկնածու առաջադրելու դեպքում վախենամ չկարողանանք պատգամավորներին զերծ պահել «Սանիտեկի» աղբարկղերում հայտնվելուց. Ա. Սիմոնյան

Վարչապետի այլ թեկնածու առաջադրելու դեպքում վախենամ չկարողանանք պատգամավորներին զերծ պահել «Սանիտեկի» աղբարկղերում հայտնվելուց. Ա. Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո այլ վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում մտավախություն ունեմ, որ մենք չենք կարողանալու պատգամավորներին զերծ պահել  «Սանիտեկի» աղբարկղերում հայտնվելուց: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ վարչապետի հրաժարականով ԱԺ-ի լուծարմանը հասնելը ռիսկային է հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: «Դրա ցանկությունը ժողովրդի մոտ արդեն շատ մեծ է այս գործելաոճի պատճառով: Իրենք փորձում են կրկին ժողովրդին խաբել, մոլորության մեջ գցել: Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»,- նշեց Ա. Սիմոնյանը:

- ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը երեկ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ներկա ԱԺ-ն չի խանգարում ներդրումների ներգրավմանը:

«Վերջին լիագումար նիստերում մենք 1-2 ժամում վերջացնում ենք, պառլամենտը օրակարգ չի կարողանում ձևավորել, որովհետև Կառավարությունը օրակարգ չունի, որ պառլամենտին օրենսդրական նախագծեր բերի, որով մենք կկարողանանք պայմաններ ստեղծենք ներդրումների ներգրավման համար: Իսկ ի՞նչ օրենք, նախագիծ է բերել կառավարությունը, որ խորհրդարանը մերժել է»,- ասել էր ԱԺ փոխնախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Մ. Մելքումյանի հայատարարությունը:

- Պարոն Մելքումյանի համար մե՞կ է, թե ժողովուրդն ինչ է ուզում, կա քաղաքական ճգնաժամ: Ենթադրենք մի իրավիճակ է, որ կառավարությունն ինչ օրենք բերում է Ազգային ժողովը վավերացնում է, բայց դա ճիշտ չէ: Այդպիսի իրավիճակ չպետք է լինի, որ Ազգային ժողովը վավերացնի ուղղակի նրա համար, որ չցրվի: Այդ տրամաբանությամբ աշխատող Ազգային ժողով մեզ պետք չէ: Այսինքն՝ պետք է լինի քննարկում, դիմադրություն, բայց իրենք վավերացնում են, որպեսզի այս ամենն ասեն: ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, կա Ազգային ժողով, որը սաբոտաժ է անում կառավարությանը: Մենք ընդամենը մի քանի օր առաջ ականատես եղանք, որ երեկոյան, առանց լրագրողներին պատշաճ ձևով տեղյակ պահելու, առանց տեղյակ պահելու հանրությանը, մի օրվա մեջ ձեռքերով ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության օգտին քվեարկեցին: Ճգնաժամը ո՞նց է լինում, սպասենք, որ մի անգամ էլ նման բան անեն: Երկրորդ՝ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, այնտեղ ներկայացված պատգամավորներն այլևս չեն ներկայացնում ՀՀ հանրությանը:

- Այս մասով ընդդիմադիր պատգամավորների փաստարկը հետևյալն է՝ ԱԺ-ի մոտ հավաքված մարդիկ չեն արտահայտում ամբողջ ժողովրդի կարծիքը:

- Բայց չէ՞ որ մենք Երևանի ավագանու ընտրություններ ունեցանք: Այդ ընտրություններին մասնակցեցին ավելի շատ մարդիկ, քան նախորդ ավագանու ընտրություններին և մենք ստացանք 81.5 տոկոս ձայն: Այսքան մարդ քվեարկեց «Իմ քայլը» դաշինքին, որն առաջ էր քաշել հետևյալը՝ մենք գնում ենք նոր Ազգային ժողովի ընտրությունների, դա է հիմնական հարցը: Սա ռեալ ընտրություն էր, ռեալ ձայներ են, ռեալ պատկեր է: 81 տոկոսից ավելին ասում են՝ այո, մեզ պետք են խորհրդարանական ընտրություններ, քաղաքական պատկերը պետք է փոխվի: Ի վերջո, եթե նույնիսկ ելնենք այն փաստից, որ դա իրականությանը չի համապատասխանում, ապա ինչ խնդիր կա. եկեք ընտրություններ անենք և ԲՀԿ-ն թող հավաքի 50 տոկոս ձայն: Պարոն Մելքումյանը անհանգստանում է, որ ԲՀԿ-ն 7 տոկոսից ավելի ձայն չի հավաքելու:

- Միքայել Մելքումյանը նաև նշել էր, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո պետք է նախապատրաստվել ընտրություններին: «Քաղաքական ուժերը պատրաստ չեն, պետք է հասկանանք ի՞նչ կանոններով ենք գնալու դեկտեմբերի ընտրություններին»,- հայտարարել էր նա: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:

- Ինչին իրենք պետք է պատրաստվեն: Ընդամենը մեկ տարի առաջ են եղել ընտրությունները, իսկ քարոզարշավը քաղաքականության մեջ սկսվում է ընտրությունների հաջորդ օրը:

- Խոսքը նոր կանոններով ընտրություններին գնալու մասին է:

- Եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, փոխվելու է ԱԺ-ի կողմից, լսվելու են իրենց առաջարկները: Եթե փոխվի էլ, այդ ԸՕ-ն լինելու է շատ ավելի պարզեցված, քան այն Ընտրական օրենսգիրքը, որն անցյալ ԱԺ-ն ընդունել է, որից բոլորս մինչև վերջին րոպեն գլուխ չհանեցինք: Կարող ենք չփոխել Ընտրական օրենսգիրքը, եթե իրենց դա պետք է: Եթե իրենց համար նախորդ օրենսգիրքը լավ է, կարող ենք չփոխել, եկեք հին օրենսգրքով գնանք:

- Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ի՞նչ ճանապարհներ կան: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց բանակցությունների դադարեցման մասին: «Եթե խոսում ենք և իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը: Եթե ՀՀԿ-ի օրակարգում չկա դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու օրակարգը, ուրեմն չի մասնակցի»:

- Թող չմասնակցեն, իրենց գործն է: Տարբերակները երկուսն են՝ կամ կբերվի օրենք, որով կնշանակվի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկ, կամ էլ վարչապետը հրաժարական կտա և որևիցե մեկը վարչապետ չի առաջարկի: Եթե որևիցե մեկ վարչապետ առաջարկի, կարծում եմ՝ ժողովուրդն ուղղակի թույլ չի տա, այդ Ազգային ժողովի նիստը տեղի ունենա:

- Ձեր համար վարչապետի հրաժարականով ԱԺ-ի լուծարմանը հասնելը ռիսկային չէ՞:

- Ներկա ընդդիմադիր քաղաքական ուժերի համար շատ ռիսկային է, որովհետև ես մեծ մտավախություն ունեմ, որ մենք չենք կարողանալու նման հերթական սաբոտաժի և ժողովրդի դեմ արված քայլերի դեպքում, վարչապետի այլ թեկնածուի կամ այն մարդկանց, ովքեր այսօր կարկառուն ընդդիմադիր կեցվածք են փորձում ընդունել ԱԺ-ում, զերծ պահել  «Սանիտեկի» աղբարկղերում հայտնվելուց: Ես վախենում եմ, որ չկարողանանք ժողովրդին դրանից զերծ պահել: Դրա ցանկությունը ժողովրդի մոտ արդեն շատ մեծ է այս գործելաոճի պատճառով: Իրենք փորձում են կրկին ժողովրդին խաբել, մոլորության մեջ գցել: Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել: Ես դա ուղղակի չեմ ասում, ես դա ասում եմ, որովհետև ժողոովրդի մեջ եմ եղել, ի տարբերություն նրանց, ովքեր մտնում են իրենց կաբինետները, փակվում են:

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: