12/30/2025

ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը. ներդրվելու են սեփական արտադրության համակարգեր

ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը. ներդրվելու են սեփական արտադրության համակարգեր

Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանն ասաց, որ այս տարիների ընթացքում ոլորտում զգալի ձեռքբերումներ են արձանագրվել:

«Հիմնական և կարևոր ձեռքբերումն այն է, որ ունենք կայացած տանկային զորամիավորումներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ տանկային ոլորտում ունենք ոչ միայն քանակական ավելացում, այլև որակական փոփոխություններ: Մենք այսօր ունենք այնպիսի տանկային բրիգադ, որն իր սպառազինությամբ ոչնչով չի զիջում Խորհրդային միության ժամանակ համապատասխան կառուցվածքով եղած բրիգադներին: Ձեռքբերումներից ամենակարևորը նաև այն է, որ օգտագործելով անցած պատերազմի փորձը, կարողացել ենք մշակել տանկային ստորաբաժանումների պատրաստման համակարգ, որի մեջ մտնում են վերականգնման, նորոգման գործընթացները»,- ասաց Զորայր Գաբրիելյանը: Նա նշեց, որ ընդունված է սպառազինության ռազմական տեխնիկայի ծրագիր, որը կյանքի է կոչվում:

Խոսելով տանկիստների մարտավարամասնագիտական պատրաստվածության մասին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այն կարելի է գնահատել լավից բարձր:

«Գերազանց չեմ ասում, որովհետև միշտ, բոլոր ժամանակներում աշխատելու տեղ կա: Մեր տանկիստները լուրջ հաջողություններ ունեն, սակայն մենք միշտ ասում ենք հաջողությունները կան, դրանք մերն են, սակայն պետք է մտածել բացթողումները շտկելու մասին: Այսինքն՝ մշտապես գործում ենք պատրաստվածությունը կատարելագործելու ուղղությամբ: Հետաքրքիրն այն է, որ նախկինում ոլորտի զարգացման առումով մտածում էինք, թե ինչպես պատրաստենք, որն է լավը, որն է արդյունավետ, հիմա այդ հարցերը հստակեցված են: Ինչպես գիտենք մեր ռեսուրսները սահմանափակ են, և այսօր խնդիր է դրված այդ սահմանափակ ռեսուրսներով հասնել ամենից բարձր արդյունավետության: Դա է հիմնական պահանջը»,-ասաց նա:

Անդրադառնալով տանկերի արդիականացման գործընթացին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են իրականացվում:

«Մենք ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա: Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում կարգավորել, այլև խնդիրներ ենք լուծել սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ-ում գիտական, արտադրական ներուժի վրա: Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության: Մտածում ենք նաև այլ տեսակի տանկերի արդիականացման մասին»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը: Նա ընդգծեց, որ հիմնական ուղղությունները պետք է լինեն կրակի ղեկավարման համակարգերի կատարելագործումը, պաշտպանության համակարգի ներդրումը, եղանակային տարբեր պայմաններում գործելու հնարավորությունների ավելացումը:

Շուրջ 2 տասնամյակ առաջ` հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները և 1996-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Տանկային ստորաբաժանումները ցամաքային զորքերի անբաժանելի մասը և հիմնական հարվածային ուժն են: Հոկտեմբերի 8-ին տոնական միջոցառումներ են անցկացվում տարբեր զորամասերում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: