12/30/2025

Արմեն Ղազարյանն Ադրբեջանի պատվիրակին մեղադրել է ՄԱԿ–ի հարթակը քաղաքականացնելու մեջ

Արմեն Ղազարյանն Ադրբեջանի պատվիրակին մեղադրել է ՄԱԿ–ի հարթակը քաղաքականացնելու մեջ

Ղազարյանը ՄԱԿ–ի հարթակից հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում։

Ժնևում ընթացքող ՄԱԿ Փախստականների գծով հանձնակատարի (ՓԳՀ) գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի պատվիրակ Արմեն Ղազարյանը խիստ պատասխան է տվել Ադրբեջանի պատվիրակի մեղադրանքներին` նշելով, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը ըստ իրենց պետության քաղաքական նախընտրությունների իսպառ ջնջելու սկզբունքով։

 

Ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի պատվիրակ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, որոնց գերակշիռ մեծամասնությունը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում: «Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով»,-ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշեց. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին,  որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո, և մենք կշարունակենք ընդունել նրանց` ջանքեր  գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,-եզրափակեց նա:

Ղազարյանն ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և  հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: