12/30/2025

«Շանսոնի վերջին Աստվածը», կամ ինչու թուրքերն Ազնավուր չունեն. թուրք սյունակագրի հոդվածը՝ նվիրված լեգենդար շանսոնյեի հիշատակին

«Շանսոնի վերջին Աստվածը», կամ ինչու թուրքերն Ազնավուր չունեն. թուրք սյունակագրի հոդվածը՝ նվիրված լեգենդար շանսոնյեի հիշատակին

«Նա ազդեց երեք սերնդի, հինգ մայրցամաքի վրա: Պատմեց սիրո, երեխաների, փոքրիկ մարդկանց, մերժվածների մասին: Նա բնական էր, պարզ». այսպես է բնութագրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին թուրք մտավորական Ռագըփ Դուրանը:

artigercek.com կայքի իր սյունակում լեգենդար հային նվիրված հոդվածում Դուրանն Ազնավուրին անվանել է «Շանսոնի վերջին Աստվածը»: Թուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազնավուրի մահից հետո գրված բոլոր հոդվածներում նրա մասին գեթ մի բացասական բառ չկա, ինչը հազվադեպ երևույթ է:

«Նա ազդել է մի քանի մշակույթի, մի քանի սերնդի ու երևի բոլոր 5 մայրցամաքների վրա: Անգամ ռեփերներն են երգել նրա երգերը: Երկու ամուսնություններից 6 երեխայի հայր էր: Նրա թոռներից մեկը հրեա է, մեկն էլ՝ արաբ: Խառնածնության գեղեցկագույն արդյունք են», - շարունակում է սյունակագիրը:

Դուրանն առանձնակի ուշադրություն է դարձրել հայ-թուրքական հարաբերությունների վրա Ազնավուրի ունեցած ազդեցության ու այդ հարցում նրա ունեցած ձգտումների վրա: 
 
«Նա բարի կամքի տեր անձնավորություն էր: Դեմ էր զենքին, բռնությանը: Հավանաբար մտածում էր՝ «Տեսնես կարո՞ղ եմ հային ու թուրքին մերձեցնել»: Նա շատ անկեղծորեն ցանկանում էր բարեկամություն հաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև», - գրում է Ռագըփ Դուրանը:
 
Ըստ նրա՝ չվավերացնելով Հայ-թուրքական արձանագրությունները՝ երկու երկրների խորհրդարաններն էլ «ջուրը գցեցին» նրա ջանքերը:

«Ազնավուրի հետևից արտասվում էին Փարիզն ու Երևանը և տասնյակ այլ քաղաքներ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու թուրքերն Ազնավուր չունեն...», - ֆրանսահայ շանսոնյեին նվիրված իր գրվածքն է ավարտել թուրք մտավորականը:
 
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Լեգենդար արտիստի հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել այսօր, վաղը՝ հոկտեմբերի 6-ին կկայանա Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: