12/30/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։

Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, սահմանված նպատակներին հասնելու հարցում սկզբունքայնությունը և հետևողականությունը հետայսու ևս նպաստելու են ռուսական պետականության ամրապնդմանը:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Այդ հարաբերությունները հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության և փոխադարձ վստահության դարավոր ավանդույթների վրա: Այս համատեքստում ես հատկապես գնահատում եմ մեր միջև հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաև բազմակողմանի հարթակներում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ շահագրգռվածությունը թույլ կտա հետագայում ևս օգտագործել Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության զգալի ներուժը՝ հարստացնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև նպաստելով մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: