03/26/2026

ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները

ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է պացիենտի գոհունակության մշտադիտարկման  գործիքի` ինտերակտիվ տերմինալների  ներդրումը որոշ բուժհաստատություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տերմինալների վրա տեղակայված հարցաշարի լրացումը թույլ կտա պացիենտին` ներկայացնել իր կարծիքն ու դիտողությունը տվյալ բուժհաստատությունում մատուցված ծառայությունների որակի առնչությամբ, ինչի հիման վրա և կկատարվեն փոփոխություններ:

Այս փուլում տերմինալներ տեղադրվել են առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք ԲԿ-ներ-ում` «Իզմիրլյան», «Էրեբունի»  և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Նախաձեռնությունը պիլոտային է, հետագայում այն պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: Տերմինալների համակարգը պետք է ենթարկվի  պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման կարևոր մեթոդներից մեկը:

Տերմինալների միջոցով պացիենտների ներկայացրած դիտողություններն ու կարծիքները կարևոր գործիք են տվյալ բուժհաստատության համար` գնահատելու սեփական ծառայություններից օգտվողների գոհ կամ դժգոհ լինելը: Դա կարևորվում է նաև նախարարության տեսանկյունից, քանի որ պացիենտակենտրոն խնամքի խթանումը առողջապահական համակարգում առաջնահերթություն  է, իսկ բուժման արդյունավետությունը բազմաթիվ դեպքերում պայմանավորված է հենց բժիշկ–պացիենտ փոխհարաբերությամբ: Պացիենտը պետք է լինի բուժման գործընթացի  գործուն մասնակից:

Զարգացած երկրներում պացիենտը բուժհաստատություն ընտրելիս մշտապես առաջնորդվում է նաև այլ պացիենտների գոհունակության տվյալներով: Ներկայում  մեր առողջապահական համակարգում ևս կա պահանջ` խթանելու պացիենտի կողմից բուժօգնության որակի գնահատման հնարավորությունները: 

ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: