12/30/2025

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արա Բաբլոյանը քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արա Բաբլոյանը քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ  շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:
 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: