12/30/2025

Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը. Հովհաննես Ազոյան

Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել:

Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ լուրջ նպատակներ ունի:

«Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաեւ քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,-ասաց Հովհաննես Ազոյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքն էլ է այսօր ինչ-որ չափով պատասխանատվություն կրում հասարակության առաջ: «Հիմա ուզում եմ այդ պատասխանատվությունը կրել դե յուրե, ոչ թե՝ դե ֆակտո, բացի դրանից իմ ունակությունները եւ իմ տեսակը կարելի է օգտագործել Քաղաքացիական պայմանագրի ներսում որպես ընդդիմություն: Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում, որպեսզի կուսակցությունը չլճանա, չճահճանա»,- վստահեցրեց Ազոյանը:

Մեր հարցին, թե այդ ինչ մտքեր են, որոնք վերջինս ուզում է ռեալիզացնել եւ միայն քաղաքականություն մտնելո՞վ է դա հնարավոր, Հովհաննես Ազոյանն ասաց. «Ես շատ եմ ուզում շեշտը դնել մարդու իրավունքների, մարդու ազատության վրա՝ բոլոր առումներով»:

Վերջինս նշեց, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել: Ազոյանը հայտնեց, որ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»:

Դերասանը նկատեց, որ չնայած քաղաքականություն մտնելն ու կոնկրետ պաշտոն զբաղեցնելն իր համար փոքր-ինչ անազատություն է, բայց նա պատրաստ է. «Դրանով իմ ազատությունը սահմանափակվում է, քանի որ ես ազատ տեսակ եմ, այնուամենայնիվ, պատրաստ եմ, պատրաստ եմ այն զոհաբերել»:

Հովհաննես Ազոյանն այս պահին հեռուսատատեսային որեւէ նախագծում չկա, շոու բիզնեսի հետ առնչվող որեւէ բանով չի զբաղվում, ունի բիզնես եւ միայն դրանով է զբաղված:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: