05/29/2023

Թարգմանչաց տոնին բացվեց սուրբ Մեսրոպ Մաշտոցի արձանը

    Թարգմանչաց տոնին բացվեց սուրբ Մեսրոպ Մաշտոցի արձանը

Հոկտեմբերի 13-ին ավանդաբար անցկացվող թարգմանչաց տոնը համընկավ հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի արձանի բացման հետ՝ տեղադրված Կապանի N13 հիմնական դպրոցի բակում:Թարգմանչաց տոնն  ընդգրկված է հայոց տոնացույցում, եւ հայ ժողովրդի նվիրական ազգային-եկեղեցական տոներից է: Այն մեր սուրբ  թարգմանիչների՝ առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Եղիշե Վարդապետի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու հիշատակության օրն է:

«Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը» ) Սողոմոնի « Առակաց» գրքից վերցված այս տողը եղավ հայատառ առաջին նախադասությունը՝ գրված հայ առաջին ուսուցչի ձեռքով:

Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանն արձանի բացման խոսքում նշեց, որ Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհում համարվեց լավագույններից մեկը, ուստի իրավամբ կոչվեց թարգմանությունների թագուհի: Նա, մասնավորապես այն միտքը հայտնեց, որ Մատենադարանում պահվում են այնպիսի թարգմանություններ, որոնց բնօրինակները վաղուց կորել են, ու շատ իրողությունների, իրադարձությունների մասին տեղեկանում ենք այդ  թարգմանական օրինակներից:

N13 հիմնական դպրոցի փոխտնօրեն  Ժաննա Վարդանյանը իր խոսքում ներկայացրեց դպրոցի բակում արձանի տեղադրման նախապատմությունը. 2016-ին Կապանի Սուրբ Մեսրոպ  Մաշտոց եկեղեցու բակում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիում: Նրանց ստեղծած քանդակները տեղ գտան Կապանի տարբեր հատվածներում: Սիմպոզիումի մասնակից, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի նկարիչ-ձեւավորող Արման Ասատրյանը հայկական կարմիր տուֆից կերտեց Մեսրոպ Մաշտոցի արձանը՝  նրա ստեղծած հայերենի այբուբենով: Ի վերջո, հայ գրերի ստեղծողի արձանը վերջին հանգրվանը գտավ N13 հիմնական դպրոցի բակում:

Օրվա խորհուրդն իրենց ելույթներում արժեւորեցին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ելենա Մկրտչյանը:

Կապանի N13  հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը ներկաներին շնորհավորեց թարգմանչաց տոնի առթիվ, մաղթեց, որ այդ տոնի միջոցով հայ մշակույթը հասնի աշխարհին: Նաեւ երախտագիտություն հայտնեց  արձանի հեղինակ Արման Ասատրյանին, միջոցառման կազմակերպիչներին՝ խորհրդանշական տոնը նախաձեռնելու եւ անցկացնելու համար:

Արձանի բացման հանդիսությանը մասնակցում էին Կապանի N1 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր փոքրիկ բեմադրություն ներկայացրին, որ արտացոլում էր հայոց գրերի ստեղծումից հետո Հայաստանում  ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, հնչեցին հատվածներ Պարույր Սեւակի «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմից, այլ բանաստեղծների՝  հայ գրերին նվիրված ու Մեսրոպ Մաշտոցին ձոնված ստեղծագործություններ: Միջոցառման գեղարվեստական մասը եզրափակվեց « Էջմիածին» պարով:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2023 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: