12/30/2025

ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար:

Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը:

Վարչապետն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին և նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեք: Կառավարության ղեկավարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող հետևողական աշխատանքների և տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների մասին:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային  մարտահրավերների և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: