12/30/2025

«Տուր ինձ թեւեր»

«Տուր ինձ թեւեր»

Այսպիսի բանաստեղծական խորագիր էր կրում Կապանի Արամ Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոցի դասատու Շուշանիկ Գեւորգյանի մենահամերգը: Ավարտել է Կապանի երաժշտական ուսումնարանի (այժմ` արվեստի քոլեջ) երջանկահիշատակ Սվետլանա Կոստանյանի դաշնամուրի դասարանը, ուսանողական տարիներից էլ ստեղծագործում է: Առաջին ունկնդիրը եւ երաժշտական քննադատն ուսուցիչն է եղել` Սվետլանա Կոստանյանը: 15 տարի է, ինչ դասավանդում է Ա. Խաչատրյանի N1 երաժշտական դպրոցում: Իր փոխանցմամբ` սեփական ստեղծագործություններ շատ ունի, որոնցից վեցն է գործիքավորել:

Միջոցառման առաջին հատվածում հնչեցին դաշնակահարուհու սեփական ստեղծագործությունները` «Կարոտ», «Լուսաբաց», «Անուրջներ», «Տուր ինձ թեւեր», «Հոգու թռիչք»: Այնուհետեւ Շուշանիկը հանդիսականին հրամցրեց հայ, ռուս, արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ (Պ. Չայկովսկի, Թարիվերդիեւ, Ռաուլ Դիբլասսո, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան եւ ուրիշներ): Համերգին մասնակցում էին նաեւ կրթօջախի դասատուներ Լիլյա Ղազարյանը (ջութակ), Ալեն Սահակյանը (շվի, կլարնետ), Լիաննա Արզումանյանը (ջութակ), Մելինե Խաչատրյանը (վոկալ), Արտյոմ Հակոբյանը (հարվածային գործիքներ):

Համերգի ավարտին Շ. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց  իր գործընկերներին՝ աջակցելու, հանդիսականին` ջերմ ընդունելության համար: Գեղագիտական հաճույք պատճառելու համար դաշնակահարուհուն շնորհակալ եղան Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նարա Մելքումյանը եւ Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: