05/28/2022

Ներկայացվեց նորանշանակ մարզպետը

Ներկայացվեց նորանշանակ մարզպետը

Հոկտեմբերի 16-ին` օրվա երկրորդ կեսին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հասարակությանը եւ մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, մարզի համայնքների ղեկավարներ, զինվորական կառույցների եւ իրավապահ մարմինների ղեկավարներ, մարզպետարանի վարչությունների եւ բաժինների պետեր ու աշխատակիցներ:

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` Սուրեն Պապիկյանն ընդգծեց Սյունիքի ռազմավարական նշանակությունը, կարեւորեց բոլոր ոլորտներում օրինականության հաստատումը, քանզի առաջիկայում սպասվում են շատ կարեւոր իրադարձություններ, մասնավորապես, Կապան քաղաքում, որ կանգնած է համայնքապետի ընտրության շեմին, իսկ գալիք համապետական ընտրություններում դրվելու է նոր Հայաստանի հիմքը: Այս համատեքստում նա ասաց, որ Հայաստանում մեկընդմիշտ պիտի արմատախիլ արվի թայֆայական մտածողությունը: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր լավ չեն գիտակցում նոր Հայաստանի իրական էությունը, խորհուրդ տվեց եւս մի անգամ սերտել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները:

- Պարոն Պողոսյանին ներկայացնելու, նրա վաստակի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանզի ներկայացնում ենք սպայի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն,- ասաց օրվա բանախոսը՝ հընթացս ներկայացնելով երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը. «Ինչ վերաբերում է հնին ու նորին, ՀՀ-ում չկա մի քաղաքացի, որ չի ցանկանում ծառայել Հայաստանի Հանրապետությանը, եւ նրա առջեւ կարող են խոչընդոտներ ծագել: Որովհետեւ նոր Հայաստանը բերել է նոր իրողություններ, եւ այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել նոր իրողությունների մեջ, մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու»:

Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին, Ս. Պապիկյանն ընդգծեց, որ ինքը չի կասկածում նրա հետեւողականության վրա ու բոլոր պատկան մարմինների եւ ուժային կառույցների սերտ համագործակցությամբ կլուծի մարզի առջեւ ծառացած խնդիրները:

Ս. Պապիկյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին` կարճ ժամանակամիջոցում համագործակցության համար եւ նրան հաջողություններ մաղթեց: Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը բեղմնավոր աշխատանք մաղթեց Հունան Պողոսյանին՝ հավաստիացնելով, որ սյունեցին իր պետականամետությամբ սատար է կանգնելու նորանշանակ մարզպետին:

- Ինձ համարեք ձեզանից մեկը,- ասաց նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը- եւ փորձեց կատակել,- խնդրում եմ ձեզ, որ այնպես չանեք, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի, ես եկել եմ աշխատելու, բոլորիդ սիրում եմ եւ հարգում եմ, մարզի հետ միշտ կապված եմ եղել նախկին աշխատանքային գործունեության ընթացքում: Համարեք ինձ ձեզանից մեկը եւ կտեսնեք, որ մենք կունենանք հաջողություններ: Շնորհակալ եմ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: