05/28/2022

Սյունիքյան երկրորդ այցի նախօրեին. նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սյունիքյան երկրորդ այցի նախօրեին. նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ

Մի քանի օր է՝ Կապանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին ժամանելու է Սյունիքի մարզկենտրոն՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի համայնքապետի թեկնածուի նախընտրական քարոզարշավին, ինչպես եւ Կապանի ամենամյա տոնին, որ նշվելու է հոկտեմբերի 20-ին՝ համայնքապետի ընտրության նախօրեին:

Ենթադրվող այցը, որ ողջունելի իրադարձություն է, ոչ միայն ակտիվություն է առաջ բերել հանրության ամենատարբեր խավերում, այլ նաեւ սպասելիքների տեղիք տվել, նոր հույսեր արթնացրել:

Թեեւ այցը պայմանավորված է համայնքապետի առաջիկա ընտրությունով, բայց մարդիկ արդարացիորեն դրա նշանակությունը տեսնում են նախընտրական զարգացումների, քաղաքական մեկ թիմի ղեկավարի այցի տրամաբանությունից դուրս՝ դրանից բխող ակնկալիքներով, չէ՞ որ հեղափոխության առաջնորդը, հայ ժողովուրդի մեջ հավատ արթնացրած՝ մեր պետության ղեկավարն է ժամանում երկրամաս:

Ձեր այցը, անշուշտ, վկայում է այն մասին, որ երկրի պատասխանատուները կարեւորում են Կապան համայնքի դերն ու նշանակությունը ոչ միայն մարզում, այլեւ հանրապետությունում: Վկայում է, որ վարչապետը մտահոգված է Կապանի տարածաշրջանի հիմնախնդիրներով, ինչն իսկապես գնահատելի է եւ դրվատանքի արժանի:

Ձեր այցը նաեւ երաշխիք է ընկալվում այն բանի, որ Կապանում սպասվում է ազատ, արդար, օրինական ընտրություն, որ վարչական ռեսուրը մերժելի կլինի Կապանում եւս:

Մարդիկ հավատում են, որ Ձեզ համար գլխավորն ընտրության օրինականությունն է, եւ Դուք առաջինը կշնորհավորեք ու զորակցություն կհայտնեք նրան (անկախ կուսակցական ու թիմային պատկանելությունից), ում նախապատվություն կտա կապանցի ընտրողը, մանավանդ որ երկու թեկնածուն էլ նոր Հայաստանի տեսլականի անկեղծ ջատագովն են ու նվիրյալը:

Մարդիկ հույս ունեն, որ Կապանն ընտրության արդյունքում կհամախմբվի նորովի. պատահական չէ, որ վերջին օրերին Կապան ներմուծված եւ շրջանառության մեջ դրված հեղափոխականներ, հակահեղափոխականներ արտահայտությունները ժողովուրդը ոչ միայն լուրջ չի ընդունում, այլեւ արհեստածին է որակում՝ համարելով, որ բոլորս էլ մի ժողովուրդ ենք, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բոլորինս է՝ անկախ կուսակցական եւ թիմային պատկանելությունից:

Հոկտեմբերի 19-ին ակնկալվող այցը երկրորդն է Ձեր պաշտոնավարման ընթացքում: Եվ մարդիկ հիշում են մոտ չորս ամիս առաջ՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցած այցը Սյունիք, հիշում են նաեւ այն մտահոգությունները, որ բարձրացվեցին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ Ձեր ներկայությամբ: Եվ հիմա հետաքրքրվում են՝ այդ հարցերից ո՞րը կատարվեց, ո՞րը չկատարվեց:

Այսօր էլ, ինչպես հուլիսի 5-ին, կարեւորվում է հարցը՝ ի՞նչ տվեց թավշյա հեղափոխությունը Սյունիքին, այս դեպքում՝ Կապան քաղաքին ու տարածաշրջանին:

Անշուշտ, մի փոքր վաղ է նման ամփոփումների համար, բայց մարդկանց հետաքրքրվածությունն ու շտապողականությունն էլ բացատրելի է:

Ձեր այցը հանրության կողմից, ինչպես նշեցինք, դիտարկվում է իբրեւ համայնքապետի ընտրության քարոզարշավի տրամաբանությունից դուրս իրողություն:

Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ համաժողովրդական վստահության արժանացած վարչապետին, ներկայացնենք մեր մտահոգությունները:

Եվ այսպես…

1. Թավշյա հեղափոխությունը շատերի ընկալմամբ, նախեւառաջ, հանրության ազնիվ պոռթկումն էր՝ հանուն մարդու իրավունքների եւ ազատությունների, ընդդեմ պետական պաշտոնյաների կամայականության:                                                                                     

Սյունիքի նախկին՝ ժողովրդի կողմից նզովյալ որակված մարզպետը բազմաթիվ մարդկանց աշխատանքից ազատել է՝ բացառապես իր անձնական քմահաճույքներից ելնելով, Հայաստանի Հանրապետության օրենքները շրջանցելով:

Իրենց ոլորտներում եւ իրենց մասնագիտության մեջ համբավ ունեցող, մարզում համընդհանուր հեղինակություն վայելող այդ մարդիկ հեղափոխությունից հինգ ամիս անց անգամ չեն կարողանում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները:

Ո՛չ մարզպետը, ո՛չ իշխանության բարձր ատյանների պատասխանատուները չհանդգնեցին առերեսվել իրականության հետ, չհամարձակվեցին մարդկանց իրավունքները վերականգնել վարչական ճանապարհով, այլ բոլորին ուղարկեցին դատարան, որտեղ էլ չի երեւում առասպելական քաշքշուկի վերջը:

Մինչ այդ` Սյունիքին պատիվ բերող այդ կադրերն ու մասնագետները շարունակում են կրել նյութական եւ բարոյական զրկանքներ՝ զրկված մնալով իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից: Եվ այդ ամենն ընդամենը մի պատճառով` մարզպետը նրանց համարել է սեփական անձին ընդդիմադիր, իսկ մարզը շփոթել հայրական կալվածքի հետ:

2. Ամենեւին զարմանալի չէ սյունեցիների զգալի մասի չթուլացող հետաքրքրվածությունը Քաջարանի կոմբինատով:

Մեր մարզում եւ հատկապես Կապանի տարածաշրջանում թավշյա հեղափոխության հաջողության, մաքրության, ազնվության չափորոշիչներից մեկը եւ բարոմետրը համարում են այդ ձեռնարկության հանդեպ նոր իշխանությունների վերաբերմունքի կերպը:

Աշխարհի մոլիբդենի հաշվարկված պաշարների ութ տոկոսին տիրապետող ընկերության սեփականատերերը համառորեն ու հետեւողականորեն թաքցվում են հանրությունից` ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:

Բա չիմանա՞նք, թե ովքեր են Սյունիքի արդյունաբերության մոտ 80 տոկոսի տնօրինողները:

Ինչպե՞ս կարող են օտարերկրյա ներդնողները վստահել մեզ, եթե չենք ասում, թե ի՞նչ ճանապարհով են վերջին մի քանի տարում փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը, թե ինչպե՞ս պատահեց, որ Նիկոլ Փաշինյանի մեկ այցից հետո միանգամից ընկերությունը 20 մլրդ դրամով (մեկ եռամսյակում) ավելացրեց պետությանը վճարվող հարկերը:

Մի՞թե սեփականատերերի բացահայտումը պետական կամ ռազմաքաղաքական գաղտնիք է, որ ժողովրդավարական արժեքներ  դավանած երկրում հանրությունից թաքցվում է:

Մեր մտահոգությունը կապ չունի ընկերությունում ներկայումս իրականացվող բնապահպանական ու ընդերքօգտագործման խնդիրներով ստուգումների հետ: Այդ ստուգումներից հետո, լավագույն դեպքում, կիմանանք միայն, թե որքա՞ն հանքաքար է արդյունահանվում տարեկան. ԱԺ փոխխոսնակն ասում է՝ 40 մլն տոննա, կոմբինատի տնօրենն ասում է՝ 23 մլն տոննա, պետական ատյաններն ասում են՝ թույլատրված է 12 մլն տոննա:

Տասնյակ լրագրային հրապարակումներ, որոնցում արծարծվում են ազգային ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր ու առնչվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, շարունակում են մնալ պատկան մարմինների ուշադրությունից դուրս՝ պատճառ դառնալով ամենատարբեր տարակույսների եւ անվստահության…

3. Համայնքների խոշորացման՝ դրսից պարտադրված ծրագիրն առաջինը կիրառվեց Սյունիքում:

Հուլիսի 5-ին Դուք Սիսիանում հայտարարեցիք, թե դադարեցնում եք համայնքների խոշորացման գործընթացը՝ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորում: Հայտարարեցիք նաեւ, որ վաղաժամ է գնահատական տալ խոշորացման արդյունավետությանը:

Սակայն կարճաժամկետ դիտարկումների արդյունքը եւ ամենամոտավոր հաշվարկները վկայում են այն մասին, որ Մեղրիում, Կապանում, Գորիսում ու Սիսիանում համայնքների խոշորացման հետեւանքով ավելի է խորացել լեռնային գյուղերի հոգեվարքը:

Գյուղապահպանության խնդիրը, հատկապես լեռնային եւ սահմանամերձ վայրերում, ամենաբարձր մակարդակով խորությամբ ու բազմակողմանիորեն քննարկման կարիք ունի:

Կապան համայնքի մեջ մտնող 37 գյուղական բնակավայրերը, որ հիմնվել են դարեր առաջ ու դիմացել բազում փորձությունների, կանգնած են լինել-չլինելու առաջ: Եվ հիմա հույսը դնում են նոր իշխանության ողջախոհության վրա…

4. Բնապահպանական անվտանգության առումով Հայաստանի ոչ մի քաղաք այնքան խոցելի չէ, որքան Կապանը:

Մահասփյուռ պոչամբարները, որ օղակել են քաղաքը, անկառավարելի եւ անվերահսկելի վիճակում են:

Հարցրեք, խնդրեմ, Ձեր նախարարներին, եկող-գնացող մարզպետներին, Կապանը երբեւէ ղեկավարած համայնքապետերին. համոզված ասում ենք՝ ոչ ոք չի կարող ստույգ պատասխանել, թե ո՞ւմ հաշվեկշռում է Արծվանիկի պոչամբարը, որքա՞ն է այդ պոչամբարի տարողությունը, որքանո՞վ է այն լցված…

Քաջարանի կոմբինատի տնօրենը հայտարարում է, թե Արծվանիկի պոչամբարը փակելու ծրագիր ունի, բայց այս պահին (եւ տարիներ շարունակ) առանց իրավական հիմքերի ընդլայնվում է պոչամբարի տարածքը:

Հայտարարում են պոչամբարի փակման մասին, բայց, միաժամանակ, Արծվանիկի ենթաշրջանում 608 հա, Քաջարանի ենթաշրջանում 339 հա հավելյալ հողատարածք խնդրում:

Երեւան վերադառնալուց պահանջեք, խնդրեմ, տեղեկանք առ այն, թե ի՞նչ պատճառներով են առավելապես մարդիկ մահանում Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում, ի՞նչ հիվանդություններով են մարդիկ առավել շատ տառապում, եւ ինքներդ կհամոզվեք բնապահպանական ներկա վիճակը հանդուրժելու անթույլատրելիության մեջ:

5. Ձեր պաշտոնավարման ընթացքում Սյունիքում խոսքի ազատության դեմ պայքարը նոր դրսեւորումներ է ձեռք բերել:

Միայն մեկ օրինակ. Հայաստանի թիվ 1  հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատասխանատուներն անցած երեք-չորս ամսում «Սյունյաց երկիր» թերթի դեմ ութ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան:

Եվ թերթը թիրախավորվել է միայն այն պատճառով, որ տարիներ շարունակ ու հետեւողականորեն բարձրաձայնում է մարզում, ինչպես եւ այդ ընկերությունում տեղ գտած արատավոր երեւույթների մասին:

Բայց դա չէ արտառոցը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Էդիկ Ավետիսյան) հուլիսի 4-ին, իբրեւ հայցի ապահովման միջոց, դիմել է անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քայլի՝ քաջարանյան կլանի անդամներից մեկի մասով դադարեցնելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի գործողությունը Սյունիքում:

Հիշեցնենք՝տվյալ փաստաթղթերի նշված հոդվածներով հռչակված է մարդկանց՝ կարծիք արտահայտելու իրավունքը, որը մաս է կազմում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների համամարդկային սկզբունքների:

Հիշեցնենք նաեւ՝ ո՛չ ՀՀ վճռաբեկ դատարանը, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման նախադեպ չունեն:

6. Խոսքի ազատության դեմ պայքարի ոչ պակաս արտառոց երեւույթ է Սյունիքի մարզային «Սոսի» հեռուստատեսության հետ տեղի ունեցած ամոթալի պատմությունը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Սյունիքի մարզին, ինչպես եւ հանրապետության մյուս մարզերին, տրվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային մեկ հեռուստաընկերություն ունենալու հնարավորություն:

Եվ այդ նպատակով 2011-ին անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «Սոսի» հեռուստաընկերությունը, որի լիցենզիան (հեռուստածրագրերի եթերային հեռարձակման համար) գործողության մեջ է մինչեւ  2021թ.:

Ու չնայած դրան՝ թվային հեռարձակման ցանցից Սյունիքում օգտվում է ոչ թե մրցույթում հաղթած եւ լիցենզիա աստացած «Սոսի» ընկերությունը, այլ նախկին մարզպետի ընտանիքին պատկանող «Զանգեզուր TV» անունով ինչ-որ հեռուստաընկերություն:

Հիշեցնում ենք՝ գործող օրենսդրությամբ լիցենզիայի զիջում չի թույլատրվում:

Այդ ամենի մասին տեղեկացրել ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին, ով մինչեւ հիմա ալարում է զբաղվել այդ հարցով:

Ստացվում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը Սյունիքի մարզում ստորադասվել է նախկին մարզպետի ընտանեկան շահին:

7. Անցած երկու տարում Սյունիքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, որքան էլ տարօրինակ է, քաղաքական գնահատական չեն ստացել մինչեւ հիմա:

Պետական պաշտոնյանների եւ հանրային գործիչների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ (ինչի մասին տեղյակ ենք պահել հանրապետության պատկան մարմիններին ու մնացել անպատասխան), պատվերով քրեական գործերի հարուցում, սեփական կարծիք եւ արժանապատվություն ունեցող մարդկանց հալածում, կամայականություններ…Եվ այդ օրերի մարզպետի գործունեությանը գնահատական չի տրվել:

Բացատրություն չի պահանջվել Սյունիքում նրա հեքիաթային հարստացման աղբյուրների վերաբերյալ:

Մինչեւ հիմա հետ չի բերվել Սյունիքից թալանվածը:

Պատասխան չի տրվել Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի, ինչպես եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական գործունեության շուրջ մամուլում քանիցս բարձրացված աղմկահարույց հարցերին:

8. Հայաստանի ֆուտբոլային կենտրոններից մեկը՝ Կապանը, բացառապես մեկ մարդու անձնական քմահաճույքներից ու ֆինանսական հետաքրքրություններից ելնելով, զրկվեց տասնամյակների պատմություն ունեցող «Կապան-Գանձասար» ֆուտբոլային ակումբից:

Եվ Դուք հուլիսի 5-ին խոստացաք կարճ ժամանակամիջոցում Կապանի ֆուտբոլային ակումբը վերադարձնել Կապան…

9. 2018թ. ապրիլ-մայիսյան համազգային զարթոնքի օրերին Սյունիքում տեղի ունեցան Ձեր գլխավորած հեղափոխական շարժմանն արձագանքող եւ սատարող իրադարձություններ:

Դրանցից շատերը, սակայն, ունեցան դրամատիկ դրսեւորումներ:

Ապրիլի վերջին օրերին, օրինակ, Կապանի ցուցարարների դեմ Քաջարանից վարձկաններ բերվեցին, իսկ մարզի ղեկավարի թիկնազորը ձեռք բարձրացրեց ցուցարարների վրա, որն արտացոլող տեսանյութերը մինչեւ հիմա պտտվում են սոցիալական ցանցերում: Ու, որքան էլ տարօրինակ է, մինչեւ հիմա այդ միջադեպերին իրավական գնահատական չի տրվել: Եվ այդ ամենը հանդուրժող իրավապահները շարունակում են պաշտոնավարել մարզում:

Մեծարգո պարոն վարչապետ

Ձեր այցի առիթով նման մտահոգությունների բարձրաձայնումը պատահական չէ:Սյունիքում հիմնավոր հավատ կա Ձեր գործունեության հանդեպ:

Մարդիկ հավատում են եւ գրեթե վստահ են, որ համաժողովրդական սեր ու վստահություն վայելող վարչապետը թեկուզ եւ ուշացումով ձեռնամուխ կլինի սյունիքյան վերոնշյալ հիմնախնդիրների լուծմանը:

Նման հավատով ու ակնկալիքով, նման հույսով ու համոզվածությամբ էլ սպասում ենք սյունիքյան Ձեր երկրորդ այցին:

Հարգանքով՝Սամվել Ալեքսանյան

17 հոկտեմբերի 2018թ.



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: