05/28/2022

Վախճանվել է Գրիգոր Գրիգորյանը

Վախճանվել է Գրիգոր Գրիգորյանը

Երկրային կյանքին 87 տարեկանում հրաժեշտ է տվել անվանի պատմաբան- վիմագրագետ, Կապանի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Կապանի պատվավոր քաղաքացի Գրիգոր Մեսրոպի Գրիգորյանը: Դժվար է մտաբերել երեւանաբնակ մի մտավորական, ով այդքան կապված լիներ Կապան աշխարհի հետ, մարդ, ում վաղեմի երազանքը Վահանավանքը վերանորոգված տեսնելն էր:

Գրիգոր Գրիգորյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքում՝ եղեռնից փրկված բիթլիսցի հոր եւ սարիղամիշցի մոր ընտանիքում: 1937թ. Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Երեւանում ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ուսումը շարունակել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Այնուհետեւ ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, որ գերազանց գնահատականներով ավարտել է 1954 թվականին: Աշխատանքային մկրտությունը ստացել է Եղեգնաձորի շրջանի Հորս գյուղում՝ պաշտոնավարելով որպես դպրոցի տնօրեն: 1962 թվականից աշխատում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ հայ վիմագրության բաժնում՝ անցնելով ավագ լաբորանտից մինչեւ առաջատար գիտաշխատողի արգասավոր ուղի: Մի քանի տանսամյակ եղել է ինստիտուտի հայ վիմագրության բաժնի վարիչը:

1964-ին առաջին անգամ եկավ Կապան՝ թեկնածուական ատենախոսության մասին նյութեր հավաքելու: Եվ ընդմիշտ կապվեց Կապանի հետ: 1967-ին պաշտպանեց թեկնածուական, իսկ 1985-ին՝ «Սյունիքի հասարակական- քաղաքական, սոցիալ- տնտեսական պատմությունը 13-15-րդ դարերում» թեմայով դոկտորական ատենախոսությունը:

1981-ին արդեն հրատարակել էր «Սյունիքը Օրբելյանների օրոք 13-15-րդ դարերում» աշխատությունը: Սյունիքի միջնադարին նվիրված մյուս գործը՝ «Դրվագներ Սյունիքի պատմության» 1999-ին ռուսերեն լույս ընծայվեց ԳԱԱ հրատարակչությունում: Վահանավանքի պատմահնագիտական ուսումնասիրությունները պրոֆեսոր Գրիգորյանն ամփոփեց 2007թ. հրատարակված «Վահանավանք (Պատմագիտական ուսումնասիրություններ)» երկլեզու մենագրության մեջ, որտեղ տրված է 77 արձանագրության վերծանություն: Առաջին անգամ մենագրության մեջ ներկայացվում են Սյունիքի թագավորների, թագուհիների, իշխանների, զորապետների եւ հոգեւորականության ներկայացուցիչների հուշակոթողների վկայագրերը՝ մատենագիտական սկզբնաղբյուրների համեմատական վերլուծությամբ: Այս թեմատիկային է վերաբերում նաեւ 2009թ. լույս տեսած «Վահանավաքի վերածնունդը» (հնագետի օրագրից)» էսսեն: Պրոֆեսոր Գրիգորյանը 12 մենագրությունների եւ 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ էր:

Հայրենասեր գիտնականն իր հրապարակային գործունեությամբ շոշափելի ներդրում է ունեցել Արցախյան շարժման գործում: Այդ կապակցությամբ գնահատելի է նրա «Ղարաբաղյան օրագիրը (1988-1992)», որտեղ հրատարակված են հեղինակի՝ խնդրին առնչվող նամակներն ու հեռագրերը:

Գրիգոր Գրիգորյանը «Սյունյաց երկրի» մեծ բարեկամն էր: Կապանում լինելիս այցելում էր թերթի խմբագրություն, մեր  լրագրի էջերում բազմիցս հանդես է եկել հրապարակումներով՝ Սյունիքի պատմության ու Վահանավանքին առնչվող:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը վշտացած է հարգարժան պրոֆեսորի մահվան կապակցությամբ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: